Մատչելիության հղումներ

Մեկնարկել են զինված ուժերի արդիականացման յոթամյա ծրագրի նախագծի քննարկումները. ՀՀ ՊՆ


Հունվարի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները:

Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության, քննարկումներին մասնակցում են նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

«Ծրագրի շուրջ առաջիկայում քննարկումներ կլինեն նաև փորձագիտական շրջանակների ներգրավմամբ: Ամփոփիչ քննարկումներից և լրամշակումներից հետո արդիականացման ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը հիշեցնում է, որ 2017-ի հոկտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը «Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, որով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության և մարտունակության աստիճանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG