Մատչելիության հղումներ

Հայ համայնքը չեզոքություն է պահպանում․ Իրանում հրատարակվող «Ալիք» թերթի խմբագիր


Իրանի Մաշհադ քաղաքում ցույց են անում կառավարության համակիրները, 4-ը հունվարի, 2018 թ․
Իրանի Մաշհադ քաղաքում ցույց են անում կառավարության համակիրները, 4-ը հունվարի, 2018 թ․

Դերենիկ Մելիքյանի խոսքով՝ Իրանի հայ համայնքը պետականության պահպանման և քաղաքական իրավիճակի կայունացման կողմնակիցն է, բայց եթե ժողովրդի պահանջն արդար է լինում՝ ապա իրենք միանում են այդ պահանջին:

Իրանում վերջին երկու օրերին հակաիշխանական ցույցեր տեղի չեն ունենում: «Ազատության» հետ հեռախոսազրույցում այս մասին հայտնեց Թեհրանի հայալեզու «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը։ Նրա խոսքով՝ իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է։

«Որպեսզի վերահսկելիությունն իր լիարժեք մակարդակին հասնի, փողոցներում կան իրավապահ ուժեր, մարմիներ, բայց, ինչպես ասում են՝ կյանքն իր նորմալ հունով է ընթանում: Տեղ-տեղ կային փոքր միջադեպեր, բայց երեկ և նախանցյալ օրն արդեն, կարելի է ասել, նման ցույցեր բնավ տեղի չեն ունենում»,- ասաց Մելիքյանը:

Մոտ մեկ շաբաթ առաջ Իրանում մեկնարկած բողոքի ակցիաներն ամենազանգվածայինն են 2009 թվականից ի վեր: Բողոքի գործողությունները երկրի ողջ տարածքում սկիզբ առան առաջին անհրաժեշտության ապրանքների, առավելապես՝ սննդամթերքի գների կտրուկ աճից հետո: Դերենիկ Մելիքյանը պատմեց, որ սկզբում մարդիկ բողոքում էին բանկային համակարգից, հետո բարձրացվեցին սոցիալ-տնտեսական բնույթի այլ խնդիրներ, սկսեցին հնչել նաև քաղաքական փոփոխությունների կոչեր, ինչից հետո էլ բախումներ եղան ոստիկանների և ցուցարարների միջև։

«Ուշագրավ է, որ ցույցերի սկզբնական օրերից մինչև այսօր օրենսդիր և գործադիր մարմիններն իրենք էլ խոստովանում ու փաստում են, որ կան անարդար իրավիճակներ, կապված տնտեսական սոցիալական հարցերի հետ, որոնց իրենք հետամուտ են՝ անպայմանորեն հանգուցալուծելու»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Ալիք» օրաթերթի խմբագիրը: Նա նաև նկատեց՝ մարդիկ, ըստ էության, պահանջում էին, որ նախագահ Հասան Ռոհանին իրականացնի այն բարեփոխումները, որոնք նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստացել էր։

Դերենիկ Մելիքյանի խոսքով՝ ցույցերի ընթացքում ձերբակալվել են 450-1000 հոգի, նրանց մի մասը՝ հիմնականում անչափահասներ, ազատ են արձակվել։ Զոհերի թիվն էլ պաշտոնապես 21 է։ Իրանի մայրաքաղաքում տեղակայված հայալեզու պարբերականի խմբագիրն ասաց նաև, որ երեկվանից իշխանության աջակիցներն են ցույցեր անցկացնում: «Դրանք դեռ երկու օր էլ կշարունակվեն, այսօր էլ Թեհրանում ի աջակցություն իշխանությունների երթ է անցկացվելու»,- ասաց Մելիքյանը։

Ինչ վերաբերում է հայկական համայնքին, «Ազատության» զրուցակցի խոսքով՝ «իրենք որոշել են» նման իրավիճակներում (նաև Միջին արևելքի երկրների այլ հայկական համայնքներում) չեզոքություն պահպանել։ «Ալիք» օրաթերթի խմբագիրը նշեց, որ իրենք պետականության պահպանման և քաղաքական իրավիճակի կայունացման օգտին են հանդես գալիս, բայց եթե ժողովրդի պահանջն արդար է լինում՝ ապա իրենք միանում են այդ պահանջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG