Մատչելիության հղումներ

Իրանում բախումները շարունակվել են, զոհերի թիվը արդեն գերազանցում է երկու տասնյակը


Իրան - Դեկտեմբերի 30-ի բողոքի ցույցը Թեհրանում
Իրան - Դեկտեմբերի 30-ի բողոքի ցույցը Թեհրանում

Իրանում ցուցարարների և իրավապահների միջև բախումները անցած գիշեր շարունակվել են: Հաղորդվում է ինը զոհվածների մասին, այդ թվում՝ մեկ ոստիկանի. Reuters-ը հաղորդում է, որ վերջինիս վրա կրակել են որսորդական հրացանով:

Իրանական «Տասնիմ» գործակալությունը ևս հաղորդում է ոստիկանի զոհվելու մասին՝ Նաջաֆաբադ քաղաքում: Առաջին անգամ հաղորդվում է իրավապահ համակարգի աշխատակցի մահվան մասին:

Սոցցանցերում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս, որ Քահդերիջան քաղաքում ցուցարարները փորձում են գրոհել ոստիկանական բաժանմունքը։

Պետական հեռուստաընկերությունը այսօր հաղորդել է, որ ինը անձանցից վեցը սպանվել են Սպահանի շրջանի քաղաքում գրոհի ժամանակ, երբ փորձել են տիրանալ ոստիկանական բաժանմունքի շենքին:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ երկրում անկարգությունների հետևանքով արդեն 22 մարդ է զոհվել:

Իրանի տասնյակ քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Թեհրանում անկարգությունները սկսվել են դեկտեմբերի 28-ից, սկզբնական սոցիալական պահանջներին հաջորդեցին ցուցարարների քաղաքական կարգախոսները՝ հակակառավարական, ինչպես նաև կրոնական իշխանության դեմ կարգախոսներ:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Twitter-ի իր էջում գրել է, որ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը չի անտեսի «կոշտ ռեժիմի դեմ պայքարող Իրանի ժողովրդի հերոսական դիմադրությունը»: Փենսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները աջակցություն կցուցաբերեն ցուցարարներին:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բարձր է գնահատել ռեժիմի դեմ բողոքող իրանցիներին՝ նրանց «քաջարի» անվանելով։ «Ես Իրանի ժողովրդին հաջողություն եմ մաղթում ազատության իր ձգտումներում», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն է, և դրանց ցանկացած միջամատություն անընդունելի է:

Դեկտեմբերի 31-ից Իրանի իշխանությունները արգելափակել են երկրում գործող սակավաթիվ սոցցանցերը, մասնավորապես՝ Instagram և Telegram կայքերը: Երկրի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ քաղաքացիները ազատ արտահայտվելու իրավունք ունեն, բայց իշխանությունները հանդուրժող չեն լինի բռնությունների ու հանրային ունեցվածքը փչացնող գործողությունների հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG