Մատչելիության հղումներ

Փոստանջյանը Մարգարյանին մեղադրում է միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեջ


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրում է քաղաքային բյուջեից միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեջ: Այդ կապակցությամբ դիմում է ներկայացվել Հայաստանի գլխավոր դատախազություն:

«Տիրապետում ենք այնպիսի տվյալների, որոնք հաղորդում են հանցագործության մասին, և այդ հաղորդումը հանցագործության մասին ներկայացրեցինք Գլխավոր դատախազություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը՝ պնդելով, որ «քաղաքապետարանի բյուջեն տարեկան կեսը յուրացվում է»․ - «Գումարների յուրացման մասով մենք ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին»:

Որպես օրինակ՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց․ - «Քննարկվեց բյուջեն, մենք դեմ քվեարկեցինք, և եթե համեմատական վերլուծություն ենք անցկացնում նախորդ տարվա, այսինքն՝ արդեն այս տարվա ավարտի, 2017 թվականի բյուջեի և 18 թվականի բյուջեի միջև, ապա գումարները գրեթե նույնն են, հավաքագրումը գրեթե նույնն է, ծախսերը և մուտքերը նույնն են, բայց երբ տեսնում ես, թե ինչ է կատարվել, այսինքն՝ մենք պարզ տեսնում ենք, տեսանելի է մեր համար, թե Երևանը ինչպիսի աղբի մեջ է, ասֆալտապատում տեղի ունեցե՞լ է, թե՞՝ ոչ, կանաչապատում տեղի՞ է ունեցել, թե՞՝ ոչ, և ինչի վրա են գումարները ծախսվել, ապա մենք տեսնում ենք ուղղակի դասական յուրացման գործառույթներ, որը կատարել է Տարոն Մարգարյանը: Երբ համեմատում ենք նրա ունեցվածքը՝ ձեռք բերված 16 տարիների ընթացքում, որպես հանրային ծառայության ներքո գտնվող անձի․․․»:

«Ըստ իր պաշտոնական կենսագրության՝ արդեն ուսումը ստանալով՝ նա ընդգրկվել է պետական ծառայության մեջ, ոչ իր մասնագիտության ներքո», - նշեց ընդդիմադիր գործիչը՝ պնդելով, որ Տարոն Մարգարյանը բիզնես գործունեությամբ չէր կարող զբաղվել․ - «Չէր կարող զբաղվել՝ ո՛չ նա, ո՛չ նաև իր հայրը, եթե նա փորձի հիմնավորել, որ դա ստացել է որպես ժառանգություն, ապա դա էլ չի կարող, և ո՛չ իր կինը, ո՛չ մայրը ձեռնարկատիրական տաղանդով չեն փայլում, այսպես ասենք, և որևիցե պաշտոնական տեղեկատվություն չկա նրանց կողմից վճարած հարկերի վերաբերյալ և գործունեության վերաբերյալ»:

«Այսինքն, սա դասական յուրացման գործառույթ է, որը իրականացվել է նրա կողմից, հետևաբար՝ նրան պետք է կանչել քրեական պատասխանատվության», - հայտարարեց Փոստանջյանը:

Նշելով, որ բացարձակապես հույսը չի դնում «այդ մարմնի [դատախազության] կողմից կատարված արդար գործի վրա», նա, միաժամանակ, ընդգծեց․ - «Բայց հստակ մատնանշված է այդ՝ քրեորեն հետապնդելի արարք է, պաշտոնական դիրքի չարաշահում, պաշտոնեական լիազորությունների գերազանցում»:

«Իմ հաշվարկով՝ այս ամենը, այս գործարքը, որը նա կատարել է ապօրինի՝ այս 50 միլիոն դոլարի նվիրաբերումը «Սպայկա» ընկերությանը, դա տեղի է ունեցել բացարձակ օրենքի կոպիտ խախտմամբ, որը ենթադրում է քրեական պատասխանատվություն: Այսինքն, այս ուղղությամբ նույնիսկ եթե մի փոքր քննություն կատարվի, Տարոն Մարգարյանին անմիջապես, վաղը նույնիսկ կարելի է ներգրավել որպես մեղադրյալ», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք, կառավարությունը հունիսին հավանություն տվեց Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծին՝ «Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» ընկերություններին հողակտորներ նվիրաբերելու մասին, և համապատասխան որոշմամբ ընդհանուր առմամբ 163.2 հեկտար տարածքով երկու հողակտոր նվիրաբերվեց՝ շուրջ 10 միլիոն դոլար կադաստրային արժեքով: Կառավարության որոշմամբ՝ հողակտորները կարող են օգտագործվել բացառապես ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման նպատակով:

Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ տվյալ դեպքում կառավարությունը և քաղաքապետարանը թույլ են տվել քրեորեն հետապնդելի արարքներ:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG