Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանի»-ն մտադիր է դատական հայցեր ներկայացնել ընդդեմ քաղաքապետարանի


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը աշխատանքային սեպտեմբերը պատրաստվում է սկսել դատական հայցերով։

Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝ առաջին հերթին դատարանում վիճարկելու են հունիսի 16-ին ավագանու արտարհերթ նիստի ժամանակ իրենց իրավունքների ոտնահարումները։ «Երկիր Ծիրանի»-ում վստահ են՝ քաղաքապետարանի կողմից թույլ տված տեխնիական բացթողումները եղել են միտումնավոր։

«Հեռարձակում տեղի չէր ունենում, և դա նույնպես դիտավորյալ էր: Նաև սարքավորումները չէին աշխատում․․․ նախնադարյան ինչ-որ համակարգի միջոցով, հաշվիչ հանձնաժողովով և այլն ինչ-որ քվեարկություն էր տեղի ունենում: Եվ այս ամենը արվում էր նրա համար, որպեսզի խափանվեր և՛ թափանցիկությունը, և՛ երևանցիների ներգրավվածությունը այդ նիստերին», - նշեց Փոստանջյանը:

«Դատարան դիմելը «Երկրի Ծիրանի»-ի անդամների սահմանադրական իրավունքն է», - հարցին արձագանքեց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ նշելով, որ այդ օրն իսկապես եղել են օբյեկտիվ տեխնիկական խնդիրներ, և կարճ ժամանակով ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։

Մինչդեռ «Երկրի Ծիրանի»-ում պնդում են, որ ավագանու վերջին նիստի ընթացքում սա միակ խախտումը չէ։ Փոստանջյանի խոսքով, հենց այդ օրը քաղաքապետարանը օտարեց 83 միավոր հողակտոր, իսկ որոշումից օրեր անց Կառավարությունը օտարված հողակտորներից մեկը՝ 110 հա տարածքով, ներդրումային ծրագրի իրականացնելու համար նվիրաբերվեց «Սպայկա» ընկերությանը։

Ըստ ավագանու անդամի՝ դա եղել է կոռուպցիոն բնույթի որոշում, քանի որ ինֆորմացիան հասանելի է եղել «Սպայկա» ընկերությունը, մինչդեռ օտարված հողակտորները կոդավորված են և անգամ ավագանու անդամները չգիտեն, թե որտեղ են դրանք գտնվում ու ինչ մեծության են․ - «Այդ ինչպես է լինում, որ հենց նույն օրը, որ ավագանին որոշում է կայացնում, այդ նույն «Սպայկա» ընկերությունը այդ որոշման հիման վրա միանգամից դիմում է և ներդրումային ծրագիր է ներկայացնում քաղաքապետարան, մի քանի օր հետո էլ Կառավարությունը բավարարում է այդ ցանկությունը և ասում է՝ այո, ես նվիրաբերում են «Սպայկա» ընկերությանը շուրջ 50 միլիոն դոլար արժողությամբ՝ դա շուկայական գինն է այդ հողակտորի․․․ այդպիսի նվեր եմ ես տալիս «Սպայկա» ընկերությանը: Սա խոսում է կոռուպցիայի մասին»:

Արթուր Գևորգյանն ի պատասխան նշեց, որ հարցին դեռ հունիսի 23-ին պաշտոնական բացատրություն է տվել Կառավարությունը։ Եվ քաղաքապետարանը կարող է միայն ավելացնել այն, որ այսուհետ ևս պատրաստ է նման խոշոր ներդրումների պարագայում քննարկել և տրամադրել համանման տարածքներ։ Ինչ վերաբերում է գործադրի բացատրությանն, ապա այդտեղ նշվում է, որ դա պետություն - համայնք - մասնավոր համագործակցություն է, որտեղ մասնավորը պարտավորվում է ապահովել ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, ինչի հաշվին մինչև 2020 թվականը ստեղծվի ավելի քան 1300 աշխատատեղ։ Ըստ Կառավարության, սա հենց այն արդիական գործարար-նախագծերից է, որը Կառավարությունը հռչակել է որպես զարգացման օրինակ և նախաձեռնողների հետ միշտ պատրաստ է լինելու համագործակցության։

«Երկիր Ծիրանի»-ի անդամների կարծիքով, մինչդեռ, այսկերպ քաղաքապետարանը վատնում է երևանցու գումարներն ու արդյունքում չլուծված են մնում բազմաթիվ խնդիրներ։ Ըստ նրանց, ուռճացված է նաև քաղաքային իշխանության աշխատակիցների թիվը՝ 2000 հոգի ամսական միասին ստանում են 1 միլիոն դոլարի հասնող աշխատավարձ։

Փոստանջյանն ասում է, որ դատարանում վիճարկելու են նաև անձրևների հետևանքով «ջրահեղձ եղած» Երևանի խնդիրը․ - «Շուրջ հարյուր միլիոն տրամադրվել է ջրամատակարարմանը և ջրահեռացմանը․ 2007 թվականից մենք շուրջ 100 միլիոն եվրո ենք տրամադրել, պատկերացնո՞ւմ եք 100 միլիոն եվրոն ինչ գումար է: Սակայն մեր խնդիրը Երևանում ո՛չ ջրամատակարարմեն և ո՞չ ջրահեռացման դեռ լուծված չէ»:

«Մոտ 1 միլիոն դոլլարի վարկային միջոցներ էլ անարդյունավետ ծախսվում են տրասպորտային համակարգում», - ասում է Զարուհի Փոստանջյանն ու հավելում, որ այդ գումարը քաղաքապետարանը տրամադրել է անգլիական մի ընկերության՝ խորհրդատվություն ստանալու համար, բայց մինչև այսօր արդյունք չի ստացել։

Ավագանու ընդդիմադիր անդամը կասկածով է վերաբերում այն լսումներին, որոնք առաջիկայում պետք է կազմակերպվեն այդ նոր միջազգային խորհրդատուի առաջարկները ներկայացնելու համար: Ըստ նրա ոլորտը դառնալու է մենաշնորհային․ - «Այս խորհրդատվության ներքո մենք չենք ստացել որևիցե եզրակացություն: Չկա որևիցե լուրջ փաստաթուղթ: Այդ լսումները նույնպես վերաբերվելու են այս խորհրդատվության գումարների հետ կապված ծախսերին, թե ինչու էին այդ գումարները վատնում․․․ Եվ նորից մենք ակնկալիք կամ հստակ պատասխան իրենցից չունենք»:

Այս թեմայի մասին քաղաքապետարանից միայն ասացին, թե առաջիկայում, ինչպես խոստացել են, ներկայացնելու են խորհրդատուիի առաջարկները, և այդ ժամանակ երեւանցիները կպատկերացնեն, թե ինչպիսին է լինելու տրանսպորտային նոր համակարգը։

Զարուհի Փոստանջյանը արձագանքեց նաև «Ելք» դաշինքից հնչող հորդորին՝ դադարեցնել ընդդիմադիր դաշտում «վհուկների որսը»։

Հիշեցնենք, «Ազատության» հետ զրույցում Փոստանջյանին նման կոչով դիմել էր «Ելք»-ի ներկայացուցիչներից Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Երկիր Ծիրանի»-ի ղեկավարի այն հայտարարությանը, թե կառավարելի ընդդիմության միջոցով իշխանությունը վերահսկում է ըմբոստ ժողովրդին:

Ըստ Փոստանջյանի՝ քաղաքական դաշտում իրենք գործընկերներ չունեն, «Երկրի Ծիրանի»-ի միակ գործընկերը ընդդիմադիր հանրությունն է․ - «Հիմնականում ովքեր այսօր գործում են քաղաքական դաշտում, ես կարող եմ ասել, որ սպասարկում են այս գործող համակարգը: Գործող համակարգը ունի այսօր Սերժ Սարգսյանի դիմագիծը և հիմնականում այդ ՀՀԿ հասկացությունն է կրում: Եվ ես գտնում եմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն պատրաստվում դատապարտել այս համակարգը և նրա պարագլուխներին, նաև այդ կուսակցությանը դատի տալու, նրանց ճանաչելու որպես ապօրինի և հանցագործների, մենք ոչ մեկի հետ համագործակցելու եզրեր չունենք: Եվ չենք էլ համագործակցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG