Մատչելիության հղումներ

Փոստանջյան․ Օրենք խախտելով՝ կառավարությունն ու քաղաքապետարանը յուրացրել են 50 միլիոն դոլար


Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր վարչական դատարան երկու հայց ներկայացրեց՝ բողոքարկելով Կառավարության ու մայրաքաղաքի ավագանու որոշումները հայաստանյան խոշորագույն հարկատուներից մեկին՝ «Սպայկա» ընկերությանը՝ Երևանում հսկայական հողատարածք նվիրելու մասին:

«Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչը իշխանությունների քայլը բնորոշեց որպես քրեորեն հետապնդելի արարք՝ պնդելով, որ երկրի ղեկավարների հետ սերտ կապեր ունեցող ընկերությանը շուկայական արժեքով մոտ 50 միլիոն դոլար արժողությամբ նվեր անելը հանրությունից ծածուկ է նախապատրաստվել:

Ըստ Փոստանջյանի, այս հունիսի 16-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ քաղաքին պատկանող 83 միավոր հողակտորներ մտցվեցին օտարման ենթակա ցանկի մեջ: Ընդ որում, նույն օրն էլ «Սպայկա» ընկերությունը ներդրումային ծրագիր է ներկայացնում այդ հողակտորներից երկուսի հետ կապված․ - «Մենք տեղյակ չէինք: Դրանից առաջ արտահերթ անցկացրել էին գլխադասային հանձնաժողովի նիստեր, և պատշաճ կարգով մենք ծանուցում չենք ստացել․․․ Այսինքն, ցանկացել են խոչընդոտել քաղաքացիների իրազեկված լինելու իրավունքը: Հետևաբար, առանց այդ գլխադասային հանձնաժողովների ծանուցման իրենք անցկացրել են այդ նիստերը, հետագայում մենք եկել, արդեն ավագանու նիստին ենք մասնակցել և այնտեղ տեսել ենք մի քանի էջանոց փաստաթուղթ, որը ծածկագրերով է և չի պարունակում համապատասխան տեղեկատվություն: Այդ փաստաթղթերում նշված էր շատ քիչ տեղեկատվություն․ ուղղակի թվով 83 հողակտորների անուններն են միայն նշված՝ որտեղ է գտնվում, որ հասցեում, ինչ չափորոշիչներ ունի»:

Զարուհի Փոստանջյանը ցույց տվեց ավագանու որոշումը, ուր նշված է, թե այն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչդեռ, «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի խոսքով, որոշումը ուժի մեջ դեռ չմտած քաղաքապետ Տարոն Մարգարյանը բավարարում է «Սպայկայի» խնդրանքը, դիմում է Կառավարություն, որպեսզի գործադիրը թույլ տա հողակտոր նվիրաբերել ընկերությանը:

«Կառավարությունը, չունենալով համապատասխան իրավական ակտ, որի հիման վրա նա կարող է որոշում կայացնել, այս ուժի մեջ չմտած ակտի հիման վրա որոշում է կայացնում և որոշումով հղում է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքիական օրենսգրքի 605 հոդվածին, որի դրույթները չեն տարածվում նման որոշման կայացման վրա: Այդ դրույթները վերաբերում են բացարձակ այլ գործառույթների՝ մշակութային, կրոնական, բժշկական ինչ-որ նպատակով հողակտորների մասին է խոսքը, այլ ոչ թե ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու», - փաստարկեց Փոստանջյանը:

Կառավարության այս հունիսի 23-ին նիստում՝ ավագանու որոշումից ընդամենը 7 օր անց, հավանության արժանացավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած նախագիծը՝ «Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» ընկերություններին հողակտորներ նվիրաբերելու մասին, և համապատասխան որոշմամբ ընդհանուր առմամբ 163.2 հեկտար տարածքով երկու հողակտոր նվիրաբերվեց, որոնց կադաստրային արժեքը կազմում էր շուրջ 10 միլիոն դոլար: Ընդ որում, Կառավարության որոշմամբ հողակտորները կարող են օգտագործվել բացառապես ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման նպատակով:

«Կառավարությունը և քաղաքապետարանը թույլ են տվել քրեորեն հետապնդելի արարքներ, քանի որ, չունենալով օրինական ուժի մեջ մտած իրավական ակտ, այդ ակտի հիման վրա նրանք գործառույթներ են իրականացրել թե՛ որոշման կայացման միջոցով, թե՛ հատուկ գործողությունների միջոցով: Եվ յուրացրել են երևանցիներից շուրջ 50 միլիոն դոլարի, շուկայական գինն է այդ հողակտորի․․․ փաստացի յուրացում է տեղի ունեցել»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն այսօր «Ազատությանը» ընդամենը փոխանցեց․ - « «Զարուհի Փոստանջյանի իրավունքն է, կարող է դիմել դատարան»:

Կառավարության լրատվական ծառայությունն այսօր չարձագանքեց՝ մեկնաբանություն տալու «Ազատության» խնդրանքին:

Այսօր կապվեցինք նաև «Սպայկա» ընկերության հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն օրվա ընթացքում այդպես էլ որևէ արձագանք չստացանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG