Մատչելիության հղումներ

Կարասին․ Երևանը չի կարող այլ ձևաչափերում ստանձնել Մոսկվայի հետ համաձայնություններին հակասող պարտավորություններ


ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

Ռուսաստանն իր դաշնակիցներին երբեք ընտրության առջև չի կանգնեցնում, բայց ակնկալում է, որ հարաբերություններում առաջնայնությունն իրեն կտրվի, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ»-ին՝ անդրադառնալով Եվրամիության հետ Հայաստանի կնքած նոր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին:

«Մենք մեր հարևաններին ու դաշնակիցներին վերաբերվում ենք որպես կյանքի ու արտաքին քաղաքականության վերաբերյալ սեփական հայացքներն ունեցող մարդկանց: Մեր հարևաններն ինքնիշխան պետություններ են, դա վերաբերում է նաև ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի մեր դաշնակիցներին: Հասկանալի է, որ ժամանակակից աշխարհում նրանք զարգացնում են բազմաբևեռ շփումներ, դա միանգամայն բնական է 21-րդ դարում: Մենք երբեք մեր հարևաններին ու դաշնակիցներին ընտրության առաջ չենք կանգնեցրել, չենք հարցրել՝ «մե՞զ հետ եք, թե՞ նրանց»: Բայց մենք իրավունք ունենք ակնկալել, որ առաջնայինը կլինեն դաշնակցային հարաբերությունները», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Պնդելով, որ Ռուսաստանը որևէ մեկին ընտրության առջև չի կանգնեցնում և հանգիստ է վերաբերվում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը, Գրիգորի Կարասինը միաժամանակ զգուշացրել է՝ Հայաստանը չի կարող այլ ձևաչափերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում ստանձնել պարտավորություններ, որոնք կհակասեն ավելի վաղ Կրեմլի հետ ձեռք բերված համաձայնություններին:

Ընդհանուր առմամբ, ետխորհրդային տարածաշրջանի վերաբերյալ ծավալուն հարցազրույցում Կարասինը ամենաքիչը Հայաստանին է անդրադարձել՝ ավելի շատ կենտրոնանալով Ուկրաինայի, Բելառուսի ու Մոլդովայի վրա:

«Անցած շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց Ուկրաինայի առաջարկած բանաձևը Ղրիմի վերաբերյալ», - փաստել է «Կոմերսանտ»-ի լրագրողը, մանրամասնելով՝ քվեարկության ժամանակ ետխորհրդային տարածքի երկրները բաժանվեցին երեք ճամբարների. մի մասը դարձավ փաստաթղթի համահեղինակ, մի մասը քվեարկությանը չմասնակցեց, մյուսները պաշտպանեցին Ռուսաստանի դիրքորոշումը: «Կարելի՞ է արդյոք ըստ դրա ասել՝ ով է Ռուսաստանի դաշնակիցը, ով է հակընդդեմ կամ չեզոք», - հարցրել է լրագրողը: Ռուսաստանի փոխարտգործնախարարն ի պատասխան պնդել է՝ այդ քվեարկությունն, անշուշտ, որոշակի ցուցիչ է, միևնույն ժամանակ, ընդգծել է՝ միայն դրա հիման վրա չի ուզում նման գնահատականներ տալ: Այդ քվեարկության ժամանակ, ի դեպ, Հայաստանը պաշտպանել էր Ռուսաստանին,Ադրբեջանը չէր մասնակցել քվեարկությանը, Վրաստանն ու Մոլդովան, մինչդեռ, միացել էին Ուկրաինային՝ դառնալով փաստաթղթի համահեղինակ:

Անդրադառնալով Ղրիմին՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը պնդել է, թե այդ հարցը վաղուց արդեն փակված է Կրեմլի համար: «Մենք մեզ համար այն լուծել ենք առհավետ», - ասել է Կարասինը, հետո արդեն պնդել՝ Կիևն է միայն մեղավոր, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները շարունակաբար անկում են արձանագրում:

«Պաշտոնական Կիևը միտումնավոր գնում է արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի ու առևտրի ոլորտներում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու ճանապարհով, նրանք արգելանք են դրել Ուկրաինա ռուսական գրականություն ներմուծելու վրա, խիստ սահմանափակումներ մտցրել ռուս արտիստների համերգների ու լրատվամիջոցների նկատմամբ», - ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը՝ պնդելով, թե չնայած այս ամենին՝ շարքային քաղաքացիների մակարդակով կան դրական տեղաշարժեր:

Ի դեպ, Կարասինը Ուկրաինայից ու Ղրիմից բացի խոսել է նաև Մերձդնեստրի հակամարտության մասին, պատմել է դրա կարգավորման հեռանկարներից ու մանրամասներից: Ղարաբաղյան խնդրին, սակայն, հարցազրույցում անդրադարձ չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG