Մատչելիության հղումներ

ՀՀ կառավարությունը վախեցած է ԱՄՆ-ից և փորձում է «դիստանցիա» պահել Թաթուլյանից. քաղաքագետ


Կառավարությունը վախեցած է ԱՄՆ-ից և փորձում է «դիստանցիա» պահել ու ասել, որ Ռուբեն Թաթուլյանն իրենց հետ կապ չունի, այսօր «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն՝ անդրադառնալով ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսնակի հայտարարությանը։

«Մի քանի օր առաջ Ուկրաինան զրկվեց առևտրի արտոնություններից Միացյալ Նահանգների հետ։ Եվրոպայի հետ մենք ունենք GSP+ կարգավիճակ, դա ի՞նչ է նշանակում՝ մեր ապրանքները գրեթե հարյուր տոկոսով չեն հարկվում, երբ որ մուտք են գործում Եվրոպա։ Նույնը համակարգն ունի Միացյալ Նահանգները։ Երկու օր առաջ Թրամփը զրկեց Ուկրաինային այդ արտոնությունից, Դուք գիտեք ինչի՞ հետ էր կապված՝ այդ փողերի լվացման պրոբլեմի՝ անօրինական ծագում ունեցող փողերի լվացման, հեղինակային իրավունքի ոտնահարման։ Հիմա մերոնք ի՞նչ են ուզում, որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Եվրոպան սահմանափակում մտցնեն մեզ հետ առևտրի հետ։ Դա՞ է նպատակը։ Ուրեմն կառավարության պատասխանը ես հասկանում եմ, իրենք փորձում են դիստանցիա պահել, իրենք ուզում են ասել, որ մեզ հետ այդ մարդը կապ չունի», - ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը պետք է հետ կանչի Թաթուլյանի դիվանագիտական անձնագիրը և ցույց տա, որ Հայաստանն աշխարհի հետ համագործակցում է։

«Ես կարծում եմ, որ ճանապարհը պետք է լինի այլ՝ Հայաստանը պետք է ասի՝ եթե կան կասկածներ, համարեք, որ այդ մարդը հանված է ցուցակներից, բացի դրանից, մենք հետ ենք վերցնում մեր դիվանագիտական անձնագիրը, ինչո՞ւ, ցույց տալու համար, որ աշխարհի հետ համագործակցում ենք։ Այստեղ մի մտածեք, որ սանկցիան Միացյալ Նահանգներինն է, շատ ուժեղ է դա. երբ որ սանկցիա կիրառում է Միացյալ Նահանգները, ամբողջ աշխարհը դա զգում է, բացի դրանից, դա հակասում է մեր անդամակցությանը Համաշխարհային առևտրի կազմակերպությանը, Եվրամիության հետ պայմանագրին», - ասաց Գրիգորյանը։

Հիշեցնեն՝ օրերս ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ։ Ցուցակում ներառվել է նաև հայազգի սոչիաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի անունը, ով հայտնի է «Ռոբսոն» մականունով և Հայաստանի վարչապետին տարեսկզբին աջակցություն հայտնած գործարարներից է, ովքեր հայտարարել էին, որ աջակցելու են Կարեն Կարապետյանին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործում»:

Պատժամիջոցների ցանկում են նաև սոչիաբնակ գործարարին պատկանող «Վեսնա» հյուրանոցը և Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։

«Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում։ 2010-ին նա նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշովը ձերբակալվել էին 2015 թվականին, Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ։ Բացի այդ, նա մի քանի անգամ օգնել է օրենքի հետ խնդիրներ ունեցող «օրենքով գողի»», - նշված է OFAC-ի հաղորդագրությունում։

Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանը ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի։ Այս տարվա մայիսին Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ դիվանագիտական անձնագիրը նրան տրվել է «օրենքով սահմանված կարգով»։

Իսկ երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսնակը հայտարարեց, որ Թաթուլյանը չի հանդիսանում «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG