Մատչելիության հղումներ

Վարչապետի խոսնակ․ Ռուբեն Թաթուլյանը Ներդրողների ակումբի անդամ չէ


Ռուբեն Թաթուլյան, արխիվ

ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսնակի, չի հանդիսանում «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ։

Ընդգծենք, սակայն, որ այս տարվա մայիսին, երբ ռուսական մամուլը գրեց, որ ձերբակալվել է Ռուբեն Թաթուլյանը, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը հայտարարել էր, որ նա Ներդրողների ակումբի 30 անդամներից մեկն է, և որ Կառավարությունը Թաթուլյանի հետ չհամագործակցելու խնդիր չի տեսնում։

Վարչապետի խոսնակ Արամ Արարատյանը, սակայն, այսօր չհստակեցրեց՝ արդյոք Թաթուլյանից ներդրումներ կընդունեն։

«Ես որքան գիտեմ՝ կոնկրետ Ձեր նշված անձնավորությունը չի հանդիսանում «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ, էդ՝ մեկ: Եվ երկրորդը՝ վարչապետի խնդիրը չի անձամբ ճանաչել ակումբի բոլոր անդամներին կամ իմանալ բոլոր ակումբի անդամներին: Մեր մոտեցումը, որը արտահայտել է վարչապետը, շատ հստակ է, բազմիցս արտահայտվել է Կարեն Կարապետյանի կողմից՝ մենք պատրաստակամ ենք աջակցել և համագործակցել ցանկացած գործարարի հետ, որը պատրաստակամ է ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Սա է իմ մեկնաբանությունը», - ասաց Արարատյանը:

«Այդ թվում՝ եթե նա ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում, դուք պատրաստ եք անգամ նման մարդու հետ համագործակցել», - «Ազատության» այս դիտարկմանը վարչապետի խոսնակն արձագանքեց․ - «Ես նորից եմ կրկնում․ որքան ես գիտեմ՝ էդ մարդը չի հանդիսանում «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ»:

«Հայաստանի ներդրողների ակումբից» «Ազատությանը» տեղեկացրեցին, որ Ռուբեն Թաթուլյանը ակումբի անդամ չէ: Ի պատասխան հարցերին, թե նա նախկինում եղե՞լ է անդամ, կամ ե՞րբ և ի՞նչ հանգամանքներից հետո է դադարեցվել նրա անդամակցությունը, գրասենյակից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, խոստանալով հնարավորության դեպքում պատասխանել նամակին։

«Հայաստանի ներդրողների ակումբը» ստեղծվել է այս տարվա մարտին։ Դրանից առաջ՝ հունվարին, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հիմնականում ռուսաստանաբնակ հայազգի 30 գործարարներ խոստացան միլիարդավոր դոլարների ներդրումներ անել Հայաստանում և պետության հետ համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Վարչապետ Կարեն Կարապետյանը իր ելույթում ընդգծել էր, թե ջերմ հարաբերությունների մեջ է բոլորի հետ։ - «Յուրաքանչյուրին ճանաչում եմ և մեծ մասի, եթե ոչ բոլորի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ», - ասել էր վարչապետը: - «Այս ակումբի անդամները, նաև իրենց բարոյական կերպարով, իրենց պահելաձևով, իրենց մշակույթով, մտցնելու են նոր մշակույթ բիզնես էլիտայի մեջ»:

Սոչիաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ում անունը լրատվամիջոցները կապում են նաև քրեական աշխարհի հետ, Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունի: Արտաքին գործերի նախարարությունից «Ազատությանը» խոստացան, որ թեմային կանդրադառնան ավելի ուշ։

Ըստ վարչապետի խոսնակի՝ թեև Կարեն Կարապետյանի մասնակցությամբ է տրվել Ներդրողների ակումբի մեկնարկը, կառավարությունը իրավասու չէ որոշելու դրա կազմը․ - «Դա մեզ ենթակա կառույց չէ: Այո, Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ է ինքը ստեղծվել, բայց ինքը առանձին գործող կառույց է, այն Կառավարությանը կից կամ ենթակա մարմին չի, ուստի մենք լիազորություններ չունենք որոշելու, թե ով էնտեղ պետք է լինի և ով չպետք է էնտեղ լինի»:

«Եթե հիմա այդ անձնավորությունը թեկուզ Ներդրողների ակումբի միջոցով փորձի ներդրումներ իրականացնել Հայաստանում, դուք համաձայնությունը կտա՞ք, թե՞ փաստը, որ նա հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում, դուք գոնե ձեր առարկությունը կհայտնեք Ներդրողների ակումբին», - այս հարցին էլ Արամ Արարատյանը հակադարձեց․ - «Էս պարագայում ես լրացուցիչ ասելու բան չունեմ: Երբ դա լինի կոնկրետ առարկայական խոսակցություն, էդ ժամանակ կհասկանանք և կորոշենք: Էս պահին ես որևէ ավելի բան ասելու չունեմ»:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց ցանկում հայտնվել է նաև սոչիաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը։ Գրասենյակի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․ - «Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում և 2010-ին նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշովը ձերբակալվել էին 2015 թվականին, Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ»:

Իշխող Հանրապետականի կոալիցիոն գործընկեր, բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով, սխալ է հիմք ընդունել այն կանխավարկածը, որ եթե անձը կապեր ունի հանցավոր աշխարհի հետ, ապա նա ներդրումներ չպետք է անի։

«Ես կարող եմ շատ պարզ մի բան ասել՝ ցանկացած դեպքում, յուրաքանչյուր գումարի մուտքը երկիր․․․ առաջնորդվել այդ մոտեցմամբ, որ հանցավոր ծագում ունի, թե չէ՝ դա դեռ պետք է պարզվի, բացահայտվի, և չպետք է կանխավարկած ընդունել, որ եթե անձը հայտնի է հանցավոր աշխարհում, ուրեմն նրա կողմից որևէ ներդրում չպետք է լինի երկիր», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մինասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG