Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացված Երևանի օրերի շրջանակում երկու մայրաքաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև ստորագրվել է 2018-2021 թվականների համար համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ստորագրված փաստաթղթով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:
Կողմերը մեկ անգամ ևս փաստել են, որ համագործակցության նոր ծրագիրը կնպաստի Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու զարգացմանը, ասված է հաղորդագրությունում: