Մատչելիության հղումներ

Աթեշյան․ Բեքչյանը պիտի հետ կանգնի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնից


Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում ասուլիսի ժամանակ, 21-ը դեկտեմբերի, 2017թ․
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում ասուլիսի ժամանակ, 21-ը դեկտեմբերի, 2017թ․

Պոլսո հայ համայնքը նոր հոգևոր առաջնորդ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հետ չի կանգնել Պատրիարքի տեղապահի պաշտոնից և ամեն ինչ չի վերադարձել իր հին վիճակին։ Այսօր նման հայտարարություն արեց Պոլսո Հայոց պատրիարքական աթոռի միաբան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Իրեն անվանելով պետության կողմից ընդունված Պատրիարքական ընդհանուր փոխանորդ, Աթեշյանը հայտարարեց՝ Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում մարտի 15-ին Պատրիարքարանի հոգևորականների կողմից տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանին։ Աթեշյանն ասում է՝ այդ ընտրությունները տեղի ունեցան առանց իշխանության համաձայնության։

«Մենք Պատրիարքին հանգստի կոչելու էլ իրավունք չունենք: Պատրիարք ընտրողը 7-ից մեկն է հոգևորականներ, 7-ից 6-ը աշխարհականներն են, և մենք աշխարհականներով՝ առանց հարցնելու, ինքնագլուխ, Պատրիարքին հանգստյան կոչեցինք․ ի՞նչ իրավունքով», - ասաց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ: «Ես նախազգուշացնում էի նրանց, որ մենք այդ իրավունքը չունենք», - շեշտեց նա։

Հիշեցնենք, դեռ այս տարվա օգոստոսին պատրիարքական ընտրությունները նախաձեռնող խումբը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ առաջարկելով նոր Պատրիարքի ընտրությունները անցկացնել դեկտեմբերի 13-ին: Ակնկալվում էր, որ Ստամբուլի նահանգապետարանը դիմումին պետք է պատասխաներ մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա: Աթեշյանն այսօր համոզմունք հայտնեց՝ պատասխան չի էլ լինի, քանի որ իշխանությունը Բեքչյանին՝ հետևաբար նաև ընտրությունների արդյունքները չի ընդունում։ Արքեպիսկոպոսի խոսքով, Ստամբուլի նահանգապետարանից էլ են ասել՝ «ընտրություն եք ուզում՝ ուրեմն ամեն ինչ վերադարձրեք հին վիճակին»։

«Ազատության» հարցին՝ ի վերջո ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի տարիներ շարունակ ձգձգվող հարցը, Աթեշյանն արձագանքեց. - «Գարեգին սրբազանն է՝ ինքը պիտի որոշի: Եթե ընտրություն է ուզում, և պետությունը իրեն չի ճանաչում, ուրեմն պիտի ասի՝ «մնաք բարով, ես մի կողմ եմ քաշվում»:

«Իսկ նա ուզո՞ւմ է քաշվել մի կողմ, թե՞ չէ», - «Ազատության» այս հարցին էլ արքեպիսկոպոսը պատասխանեց․ - «Նամակ եթե ինձ գրեն, կքաշվեմ», - ասում է»:

Հարցին էլ՝ «եթե Գարեգին Բաքչյանը ետ չի կանգնում, ի՞նչ է լինելու», - Արամ Աթեշյանը արձագանքեց․ - «Չգիտեմ, այսպես կշարունակվի: Եվ մենք ասացինք Գարեգին սրբազանին, աշխարհականներից էլ ոմանք ասացին․ համառորեն առայժմ մնում է»:

Պատրիարքի ընտրությունների ձգձգման հարցը պարզաբանելու պահանջով մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին էր դիմել նաև երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։ Նրա նամակը հավանաբար ևս կմնա անպատասխան, այսօր ասաց Աթեշյանը։ Հոգևորականը նաև հայտարարեց՝ Փայլանի ելույթների պատճառով ստամբուլահայ համայնքում անհանգստություն կա․ - «Այդ պառլամենտում իր խոսելու, բոռալու, կանչելու համար, որովհետև մենք կորցնում ենք մեր իրավունքները: Պետք է հասկանաք այլևս: Դուք Հայաստանում ազատ-ազատ խոսում եք, մեր տեղը դուք չեք՝ չեք հասկանում մեզ»: «Նյութին, տեղին համաձայն պիտի խոսի և այնպես պիտի խոսի, որ մեր համայնքին վնաս չտա: Եթե համայնքը անհանգիստ է, ուրեմն՝ մի բան կա մեջտեղը», - հավելեց նա:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը Պատրիարքական փոխանորդի պաշտոնում է 2010-ից, բազմիցս քննադատության է ենթարկվել Ռեջեփ Էրդողանի կառավարության նկատմամբ իր լավ վերաբերմունքի պատճառով։ Այսօր նա պնդեց՝ դա բխել է համայնքի շահերից։ Ըստ հոգևորականի՝ 70-հազարանոց հայ համայնքում իրեն համակրողները քիչ չեն, պարզապես քննադատների ձայնն է բարձր լսվում։

«Ութը տարվա մեջ ոչ մեկը չգրեց, չխոսեց իմ հաջողությունների մասին: Ինձ միշտ ասացին, որ «Աթեշյանը Էրդողանի եղբայրն է», այստեղ ձեր թերթեից մեկ-երկուսը գրեց, ես էլ պատիվ եմ զգում, ասացի, եթե ես մի երկրի նախագահի հետ լավ եմ, վարչապետի հետ լավ եմ, նախարարի հետ լավ եմ, դա իմ համայնքի շահն է», - հայտարարեց արքեպիսկոպոսը:

Աթեշյանի հասցեին հնչած բուռն քննադատություններից լրագրողներն այսօր հիշեցին նրա հայտնի նամակը Թուրքիայի նախագահին։ 2016-ի հունիսին, երբ գերմանական Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Աթեշյանը նամակ հղեց Էրդողանին՝ հայ համայնքի անունից ափսոսանք հայտնելով գերմանացի օրենսդիրների որոշման համար։ Արքեպիսկոպոս Աթեշյանը պնդեց՝ վարվել է այնպես, ինչպես նախկին պատրիարքները․ - «Չէ, վիրավորանք չէ [հայ ազգի նկատմամբ], ընդհակառակը՝ ես իմ նախորդների ճանապարհով եմ քայլել, այն, ինչ իմ համայնքի շահն է պահանջում, ես այդպես պարտավոր եմ անել և պիտի անեմ»:

Ամիսներ առաջ «Ազատության» հետ զրույցում Պոլսո Հայոց պատրիարքի նախկին փոխանորդը հայտարարել էր, որ նրանք, ովքեր համայնքում ընդվզում են իր թեկնածության դեմ, «անկիրթներ են»։ Այսօր Աթեշյանին հիշեցրեցինք նաև այդ մասին, նա էլ հակադարձեց․ - «Բառային խաղ մի՛ արեք, ոչ թե այն անձինք, որ իմ անձի դեմ են, [այլ] նրանք, որոնք հոգևորականին անկիրթ ձևով հայհոյում են, անկիրթը նրանք են»: «Համայնքը Ձեր դեմ է», - ասացիք, ես էլ ասացի, որ համայնքը իմ դեմ չէ, անկիրթները, որոնք ինձ հայհոյում են, նրանք են իմ դեմ», - հավելեց նա:

Հիշեցնենք, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության անհրաժեշտությունը առաջացել է այժմ նախկին Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անգործունակ ճանաչվելու պատճառով: Մութաֆյանը 2008 թվականից ի վեր ծանր հիվանդ է, և նրա ուխտը անցած տարի է լուծարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG