Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:
Ավելի ուշ Քննչական կոմիտեից հաղորդեցին, որ դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում՝ պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է՝ ծառայակցին սպանելու կասկածանքով: