Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հրավիրվել է Ուկրաինայի դատախազություն՝ Կիևում երեկ տեղի ունեցած բախումների գործով, որոնց հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, ավելի քան երեք տասնյակ ոստիկան է վիրավորվել:
Անկարգությունները տեղի են ունեցել Անկախության հրապարակում, երբ ցուցարարները փորձել են գրոհով գրավել մերձակա «Հոկտեմբերյան պալատը»: Սաակաշվիլին հայտարարել է, թե մտադիր են այդ շենքում սենյակներ վարձել, որոնք դառնալու են իր կենտրոնակայանը, սակայն ցուցարարներին դռան մոտ ոստիկաններն են դիմավորել, ինչից հետո էլ սկսվել են բախումներ:
Միջադեպից հետո Սաակաշվիլին հայտարարել է իշխանության կողմից կազմակերպված սադրանքների մասին՝ պնդելով, թե իր աջակիցները բացառապես խաղաղ ցույցերի կողմնակից են:
Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած Նոր ուժերի շարժումը՝ ընդդիմադիր կուսակցությունների հետ, մի քանի ամիս է՝ բողոքի ցույցեր է անցկացնում՝ պահանջելով նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը: