Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին պահանջում է Պորոշենկոյի հրաժարականը, բազմամարդ ցույց Կիևում


Սաակաշվիլին քննադատում է Ուկրաինայի իշխանություններին, Կիև, 17-ը հոկտեմբերի, 2017 թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր խորհրդարան ուղարկեց Պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին օրենքի նախագիծը: Եթե այն արժանանա Ռադայի հավանությանը, ապա սկսած 2020 թվականից ուկրաինացի օրենսդիրներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ձերբակալելու և կալանավորելու համար այլևս անհրաժեշտ չի լինի խորհրդարանի համաձայնությունը:

Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջն այսօր Կիևի կենտրոնում կազմակերպված բազմամարդ բողոքի ցույցի մասնակիցների գլխավոր պահանջներից մեկն էր: Ցույցն ուղեկցվել է ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախումներով: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել այն բանից հետո, երբ հանրահավաքի մասնակիցները փորձել են վրան տանել Ռադայի շենքի մոտ՝ շրջանցելով մետաղորսիչ սարքերը:

Զանգվածային բողոքի ակցիան, որը նախաձեռնել էր Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին ուկրաինական ընդդիմության այլ ներկայացուցիչների հետ, խաղաղ բնույթ էր կրում: Ցուցարարների թիվը տարբեր գնահատականներով կազմել է 3-ից 6 հազար: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը, ցույցի մասնակիցներն իշխանություններին երեք հիմնական պահանջ են ներկայացրել՝ ստեղծել հակակոռուպցիոն դատարան, չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը և բարեփոխել Ընտրական օրենսգիրքը:

Ուկրաինական ընդդիմության գնահաատմամբ՝ երկրում դատարանների անկախության հարցում այդպես էլ առաջընթաց չի նշմարվում, իսկ կոռուպցիան շարունակում է մոլեգնել առաջվա պես: Այս հանրահավաքը հաջորդում է երկրում վերջերս բացահայտված հերթական աղմկոտ կոռուպցիոն սկանդալին: Ուկրաինացի քննիչները պարզել են, որ պատերազմական դրության մեջ գտնվող երկրի ռազմական գերատեսչության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ խոշոր չափերի պետական ունեցվածք են յուրացրել: Կրքերն էլ ավելի են բորբոքվել, երբ իրավապահները կասկածյալներին ոչ թե բանտարկել են, այլ տնային կալանքի են ենթարկել:

Թեև Ուկրաինայում վերջին ամիսներին նման բացահայտումները հաճախակի են դարձել, ընդդիմությունը դա բավարար չի համարում՝ պահանջելով խստացնել կոռուպցիոներների պատիժը: Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ակտիվիստներն այսօր պնդում էին՝ նախագահն ու խորհրդարանը երեք տարվա ընթացքում որևէ կերպ չեն բարեփոխել Ուկրաինայի քաղաքական համակարգը, չեն կատարել նախընտրական խոստումները:

Ուկրաինայի արևմտամետ նախագահը, ով Եվրամիությանը, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամին խոստացել էր անկախ դատական գործընթաց սկսել կոռուպցիայի մեջ մեղադրվող բարձրաստիճան քաղաքական գործիչների և պաշտոնյաների նկատմամբ, դեռևս չի կատարել խոստումը: «Կոչ եմ անում կիևցիներին գալ այստեղ և պահանջել Պորոշենկոյի հրաժարականը»,- այսօր, ելույթ ունենալով հանրահավաքի մասնակիցների առջև, հայտարարել է Ուկրաինայում ընդդիմադիր շարժում սկսած Միխեյիլ Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ «քանի դեռ Պորոշենկոն իշխում է, կլինի աղքատություն, ստորացում և արտագաղթ»:

Սաակաշվիլին, ով Մայդանում ծավալված իրադարձություններից հետո իշխանությունների խնդրանքով տարիներ առաջ Ուկրաինա էր տեղափոխվել՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու համար, այժմ համարվում է Պորոշենկոյի վարչակազմի թերևս ամենամոլի քննադատներից մեկը: Վրաստանի նախկին նախագահն Ուկրաինայի առաջնորդին մեղադրում է երկրի օլիգարխիկ կլանների շահերը սպասարկելու, կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում ցանկություն չդրսևորելու և սեփական բիզնես կայսրությունն ընդլայնելու մեջ:

Ներկայումս որևէ երկրի քաղաքացիություն չունեցող Սաակաշվիլին նախօրեին Խարկովում հայտարարել է, թե հնարավոր է, որ Ուկրաինայի իշխանությունները փորձեն՝ հեռացնել իրեն: «Ես հաստատ գիտեմ, որ նրանք կփորձեն ինձնից ազատվել: Կարող են ձերբակալել, արտահանձնել, նույնիսկ սպանել: խնդիրը դա չէ: Ես չեմ վախենում»,- ասել է Սաակաշվիլին: Վերջինիս, հիշեցնենք, նախագահ Պորոշենկոն ամիսներ առաջ զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ դատարանը տուգանել էր՝ Ուկրաինա ապօրինի կերպով մուտք գործելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG