Դաշնային խորհուրդը հայտարարել է՝ Ռուսաստանի հաջորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի մարտի 18-ին:
Որոշումն ուժի մեջ կմտնի առաջիկա երկուշաբթի, և նույն օրն էլ պաշտոնապես կմեկնարկի նախընտրական արշավը:
Նախորդ տարիներին Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվում էին մարտ ամսվա երրորդ կիրակի օրը, սակայն անցած մայիսին Պետդուման օրենսդրական փոփոխությամբ այն տեղափոխեց երկրորդ կիրակի:
Ըստ այդմ, այս անգամ քվեարկությունը կկայանա մարտի 18-ին՝ Ղրիմի բռնակցման օրը:
Գործող նախագահ Վլադիմիր Պուտինից բացի այս ընտրություններում առաջադրվելու մտադրություն են հայտնել նաև Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, «Յաբլոկո»-ի հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, հեռուստալրագրողներ Քսենիա Սոբչակը և Եկատերինա Գորդոնը, գործարար Սերգեյ Պոլոնսկին, բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով, ըստ իշխանությունների, առաջադրվելու իրավունք չունի, քանի որ պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլեսի» գործով:
Նավալնին արդեն արձագանքել է քվեարկության օրը նշանակելու՝ Դաշնային խորհրդի որոշմանը։ «Ընտրությունները պաշտոնապես մեկնարկել են, դրանց մասնակցելու իրավունք պետք է ունենան բոլոր թեկնածուները, հակառակ դեպքում, մենք դրանք չենք ճանաչի և ընտրողների գործադուլ կկազմակերպենք», - Թվիթերում գրել է ընդդիմադիր գործիչը: