Մատչելիության հղումներ

Նավալնին «Կիրովլես»-ի գործով դատապարտվեց հինգ տարվա պայմանական ազատազրկման


Ալեքսեյ Նավալնին դատարանի դահլիճում, 8-ը փետրվարի, 2017թ.

Ռուսաստանի Կիրով քաղաքի դատարանը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտեց հինգ տարվա պայմանական ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով 2009 թվականին «Կիրովլես» պետական ձեռնարկությունից խոշոր չափերի գումարներ յուրացնելու մեջ։

Այսպիսով դատարանը ամբողջությամբ կրկնեց նախորդ դատական գործընթացը, որը տեղի էր ունեցել 2013 թվականին՝ կրկնելով նաև դատավճիռը։ Հիշեցնենք, 2013-ին Նավալնին հինգ տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց՝ խոշոր քանակի փայտ գողանալու համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռն անարդար որակեց: 2016 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Գերագույն դատարանը գործն ուղարկեց վերանայման:

Տարիների վաղեմության գործը վերաբացելու դատարանի որոշումը Նավալնին պատահական չի համարում։ Ռուսաստանյան ընդդիմության թերևս ամենահայտնի ու ազդեցիկ ներկայացուցիչը շաբաթներ առաջ ցանկություն էր հայտնել մասնակցելու երկրի նախագահական ընտրություններին։ Նավալնիի խոսքով՝ «այդ բեմադրության գլխավոր նպատակն է՝ թույլ չտալ մասնակցելու 2018 թվականի ընտրություններին»։

Ընդդիմադիր գործիչը, սակայն, չի պատրաստվում նահանջել։ «Հենց այս պահին էլ ես մասնակցում եմ նախընտրական արշավին։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Կրեմլից ուղարկված հեռագիր է։ Նրանք վախենում են մեզնից։ Այս դատավճիռը մենք չենք ընդունում, այն չեղարկվելու է, ես շարունակելու եմ մասնակցել ընտրարշավին», - դատարանում երեկ հայտարարում էր Ալեքսեյ Նավալնին՝ նշելով, որ պատրաստվում է գործը տեղափոխել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Վաղվանից Կրեմլը երգելու է այն մասին, որ ինձ չի կարելի մասնակցել ընտրություններին։ Սահմանադրությունում, սակայն, գրված է, որ ընտրություններին կարող են մասնակցել բոլորն, ովքեր չեն գտնվում ազատազրկման վայրում։ Ես մասնակցելու եմ», - վերահաստատել է ընդդիմադիր գործիչը։

Նավալնին բազմիցս է ապացուցել, որ կարող է բարդացնել Կրեմլի կյանքը։ Բացի իր քաղաքական գործունեությունից, նա նաև գլխավորում է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, որը վերջին տարիներին գաղտնազերծել է ռուսաստանյան բարձրագույն իշխանությունների տասնյակ ներկայացուցիչների մութ գործարքները։

Ալեքսեյ Նավալնին, 2013 թվականին մասնակցելով Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով 27 տոկոս ձայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG