«Այս օրենքը պետք է գործի միայն այն դեպքերում, այն ընտանիքներում, որտեղ առկա են խնդիրներ», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ խոսելով նախարարության նախաձեռնած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքից։
Հիշեցնենք՝ աղմկահարույց օրինագծի շուրջ քննարկումները չեն դադարում։ Իշխող Հանրապետականի որոշ պատգամավորներ նույնիսկ չմասնակցեցին ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ քվեարկությանը: «Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը նույնիսկ նման մտահոգություն հայտնեց՝ «ոչ դասական իմաստով ազատատենչ կանայք կարող են օրենքն օգտագործել իրենց ամուսիններից ազատվելու համար»:
Փոխնախարարն «Ազատության» հետ զրույցում այսօր «բնական գործընթաց» որակեց մարդկանց մոտ առաջացած հարցադրումներն ու մտահոգությունները։
«Երբ, որ մենք նախագիծը դնում էինք հանրային քննարկման, հենց հիմնական նպատակը կայանում էր նրանում, որպեսզի օրենքի վերաբերյալ տարբեր կարծիքներ, տարբեր դիրքորոշումներ և նախ մտավախություններ վեր հանենք և համապատասխան լուծումներ գտնեք։ Այս առումով այն հանգամանքը, որ տարբեր շրջանակներում, տարբեր մարդկանց մոտ տարբեր հարցադրումներ և մտահոգություններ կային, ես համարում եմ բնական գործընթաց, և ինչ-որ իմաստով նաև ժողովրդավարական հասարակությանը հարիր իրավիճակ։ Այս գործընթացը ես համարում եմ բնական։ Համապատասխան առաջարկությունների, դիտողությունների հիման վրա, ինչպես գիտեք, նախագիծը որոշակի փոփոխությունների ենթարկվեց, իսկ ինչ վերաբերում է դրա պատճառներին, ապա դա էլ, ինձ թվում է, պարզ է, քանի որ իրոք խոսքը գնում է ընտանիքի մասին և ընտանիքը մեր ազգային արժեքների կամ առաջնությունների համակարգում առաջնային տեղ գրավող է, և մարդկանց հիմնական մտավախությունը կայանում է նրանում՝ արդյո՞ք օրենքը չի նախատեսում մեխանիզմներ՝ անհարկի ընտանեկան կամ անձնական կյանք ներխուժելու համար։ Դա ես համարում եմ լիովին օրինական մտահոգություն, և համապատասխան օրենսդրական լուծումները, որ նախատեսել ենք, բավականաչափ երաշխավորում են այն, որ օրենքը գործածվի կիրառվի այն դեպքում, երբ ունենք ընտանիքում անընդունելի իրավիճակ կամ իրադարձություններ՝ խոսքը բռնության մասին է, և համապատասխանաբար այս օրենքը պետք է գործի միայն այն դեպքերում, այն ընտանիքներում, որտեղ առկա են խնդիրներ», - ասաց փոխնախարարը՝ նշելով. - «Օրենքի գաղափարախոսությունն, այս առումով, ոչ այնքան պատժելու, այլ նշված ընտանիքներին համապատասխան օգնություն և օժանդակություն տրամադրելու մեջ է»։
Նշենք, որ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: