Մատչելիության հղումներ

«Այս օրենքով ազատատենչ կանայք կազատվեն իրենց ամուսիններից»․ Պատգամավոր


ԱԺ նիստերի դահլիճում, արխիվ

Ընտանիքում բռնության կանխարգելմանն առնչվող աղմկահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Խորհրդարանն այսօր ձայների 73 կողմ, 12 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն առաջին ընթերցմամբ:

Ուշագրավ է, որ թեև իշխող Հանրապետական խմբակցությունից որևէ մեկը դեմ չքվեարկեց, բայց խմբակցության անդամներից ոմանք պարզապես չմասնակցեցին քվեարկությանը: Նրանց թվում էր պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով սուր քննադության ենթարկեց օրենքի նախագիծը և մտավախություն հայտնեց, որ բողոքի ակցիաների ժամանակ կուրծքը մերկացնող ուկրաինական «Ֆեմեն» կազմակերպության կանայք կարող են մուտք գործել նաև հայ ավանդական ընտանիքներ:

Օրենքի նախագծի քվերակությանը չմասնակցեցին նաև ՀՀԿ-ական պատգամավորներ՝ երգչուհի Շուշան Պետրոսյանը, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ու Միհրան Հակոբյանը: Մինչդեռ՝ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ավելի համարձակ գտնվեցին՝ դեմ քվեարկած բոլոր 12 օրենսդիրներներն էլ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցության անդամներ են: «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքին դեմ քվեարկեցին Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, Նապոլեոն Ազիզյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը: Ի դեպ՝ Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց՝ ոչ դասական իմաստով ազատատենչ կանայք կարող են օրենքն օգտագործել իրենց ամուսիններից ազատվելու համար:

«Այո, դժբախտաբար քիչ չեն այնպիսի կանայք, ովքեր այս օրենքի այդ դրույթները կօգտագործեն իրենց ամուսիններին բանտարկելու կամ տարագիր դարձնելու նպատակով: Դժբախտություն է, բայց երևույթը կա: Ազատատենչ ասելով՝ ես նկատի ունեմ այնպիսի կին, որը հավակնություն ունի իր ցանկություններին հագուրդ տալ ոչ միայն իր ընտանիքում: Նա կարող է թեթևակի ընտանեկան վիճաբանությունը օգտագործել որպես ամուսնուն ընտանիքից մեկուսացնելու հիմք և սկսել արդեն ազատորեն դրսևորել իր ֆանտազիան»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Օրինագծին դեմ քվեարկած՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը նաև նշում է՝ այս օրենքի կարիքն ընդհանրապես չկար, ծեծն ու բռնությունը պատժող հոդվածներն արդեն իսկ առկա են Քրեական օրենսգրքում, և կարևոր չէ, թե բռնությունը որտեղ է իրականացվում՝ տա՞նը, թե փողոցում, ամուսինների՞, թե եղբայրների միջև: «Ի՞նչ կարևոր է, թե ծեծողը ծեծվողի հետ ինչպիսի արյունակցական կապով է կապված »,- հարց է տալիս պատգամավորը՝ նաև անթույլատրելի համարելով օրենքով ոստիկաններին տրված՝ ընտանիքների գործերին միջամտելու իրավունքը․ օրենքը, ըստ պատգամավորի, ոստիկանությանն իրավունք է տալու՝ կնոջ գրած բողոքի հիման վրա ամուսնուն 20 օրով հեռացնել տանից:

«Հիմա ի՞նչ է նշանակում՝ ընդ որում հայտնի չէ՝ նախագծով այդ բողոքը, գանգատը որտեղից, ինչ ակունքից է գալիս, ասենք՝ հարևա՞նն է բողոքել, մի ականատես պատահական անցո՞րդ, ընտանիքի անդա՞մը, թե ենթադրյալ բռնության ենթարկված անձը, ընդամենը բանավոր հայտարարության հիման վրա ոստիկանը կարող է հեռախոսով անձին հայտնել նրա նկատմամբ նախազգուշական որոշում կայացրած լինելու մասին և արգելել նրա մուտքը սեփական բնակարան: Սա ես գնահատում եմ որպես ընտանիքի ներդաշնակությունը, ընտանիքի խաղաղությունը քանդող օրենք»,- շարունակում է Գևորգ Պետրոսյանը:

Իշխող Հանրապետական խմբակցության պատագամավոր Գագիկ Մելիքյանը, ով այսօր կողմ է քվեարկել օրինագծին, համաձայն չէ ընդդիմադիր գործընկերոջ հետ: Հանրապետական խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ այն կանայք, ովքեր ցանկանում են իրենց ամուսիններից ազատվել, դա կարող են անել նաև առանց այս օրենքի: Ավելին՝ Գագիկ Մելիքյանի խոսքով՝ այս օրենքն ավանդական ընտանիքների հետ որևէ կապ չունի: «Եթե որոշ կանայք նման նպատակներ ունեն, առանց այս օրենքների էլ կարող են իրենց նպատակներն իրականացնել կամ այդ նպատակների ճանապարհին նմանատիպ քայլեր անել: Ես չեմ կարծում, որ որևէ ավանդական ընտանիք ցանկացած ոստիկան կարող է մուտք ունենալ, նման մուտքի հնարավորություն ոստիկանին կարող է տալ ընտանիքն իր գործողություններով: Ով որ բռնության է ենթարկվում, նա էլ կարող է ոստիկանություն նման ահազանգ հնչեցնել»,- ասաց Մելիքյանը:

Հավելենք՝ Առաջին ընթերցմամբ այսօր ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրինագիծը բռնության ենթարկվածների պաշտպանության երեք միջոց է նախատեսում՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում և պաշտպանության որոշում: Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքում, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանության կողմից հայտնաբերվել է առաջին անգամ, և կատարված գործողությունն առերևույթ հանցակազմ չի պարունակում: Անհետաձգելի միջամտության որոշումը ոստիկանության կողմից կարող է կայացվել այն դեպքում, եթե կա հիմնավոր ենթադրություն, որ ընտանիքում կիրառվող բռնությունը սպառնում է բռնության զոհերի կյանքին և առողջությանը: Ոստիկանն այդ դեպքում հարկադրում է բռնություն կատարողին՝ անհապաղ հեռանալ բռնության ենթարկված անձի բնակության վայրից՝ 20 օրով :

Պաշտպանական միջոցը կարող է կիրառվել միայն դատարանի կողմից և միայն տուժած անձի դիմումի հիման վրա: Ըստ այդմ՝ դատարանն իր որոշմամբ կարող է ընտանիքում բռնություն գործադրած անձին հարկադրել՝ անհապաղ հեռանալ բռնության ենթարկված անձի բնակության վայրից՝ բռնարարին արգելելով վերադառնալ մինչև իր որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը (տվյալ դեպքում՝ մինչև վեց ամիս): Այդ ժամկետը կարող է երկու անգամ երկարաձգվել: Օրինագիծը բռնության հինգ տեսակ է սահմանում՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական և անտեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG