Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարում է որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին


Վլադիմի Պուտին, արխիվ
Վլադիմի Պուտին, արխիվ

«Ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը Ռուսատանի նախագահի ընտրություններում», - Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ այսօր ԳԱԶ ավտոգործարանի 85-ամյա հոբելյանին նվիրված հավաք-համերգին ասել է Պուտինը՝ հավելելով. - «Ավելի լավ վայր և առիթ նման հայտարարության համար երևի չկա»։

Գործարանի բանվորները Ռուսաստանի նախագահի այս հայտարարությունն ընդունել են ծափերով։

Ավելի վաղ ռուսական մամուլը գրել էր, որ նախագահական ընտրություններում մասնակցելու մասին իր որոշումը Պուտինը կհայտարարի բանվորների հետ հանդիպմանը, քանի որ հենց բանվորներն են նախևառաջ Պուտինի ընտրազանգվածը։

Ընտրությունները Ռուսաստանում 2018-ի մարտին են։ Ռուսաստանցիները նախագահ են ընտրելու վեց տարի ժամկետով։ Երրորդ անգամ Պուտինը ընտրվել է 2012-ին, և սա նրա, որպես նախագահի, արդեն չորրորդ ժամկետն է։

Որ Պուտինը վերընտրվելու է այս պաշտոնում, ոչ ոք չի կասկածում։ Վերջին հարցումները վկայում են, որ մեկ այլ նախագահ երկրում ուզում է տեսնել ռուսաստանցիների 25 տոկոսը միայն։

Նախագահական ընտրություններին իրենց մասնակցության մասին արդեն հայտարարել են դեմոկրատական ճակատը ներկայացնող Ռուսաստանի բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը, Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը, սկանդալային գործարար Սերգեյ Պոլոնսկին, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:

Անկախ փորձագետների կարծիքով՝ միակ ռեալ ընդդիմադիր գործիչը, ով կարող է մրցակցել Պուտինի հետ, Ալեքսեյ Նավալնին է, ով, սակայն, չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ դատապարտված է հինգ տարվա պայմանական ազատազրկման՝ «Կիրովլես» հայտնի գործով։

Նավալնին, սակայն, հայտարարում է, որ Ռուսաստանի իշխանությունները նրան ընտրություններին չթողնելու որևէ իրավական հիմք չունեն և ակտիվ քարոզարշավ է անցկացնում ու բազմահազարանոց ցույցեր անում Ռուսաստանի տարբեր մարզերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG