Մատչելիության հղումներ

Նավալնին, չնայած խոչընդոտներին, երեկ Սամարայում բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել


Նավալնիի հանրահավաքը Սամարայում, 3-ը դեկտեմբերի, 2017թ.
Նավալնիի հանրահավաքը Սամարայում, 3-ը դեկտեմբերի, 2017թ.

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին չնայած քաղաքային իշխանությունների՝ հանրահավաքը տապալելու ջանքերին, երեկ երեկոյան Սամարա քաղաքում բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել։

Ոստիկանները հանրահավաքից առաջ փակել էին հավաքի վայր տանող մուտքը, իսկ հարևանությամբ տեղակայված մշակույթի տանը քաղաքային իշխանությունները հանրահավաքին զուգահեռ արևելյան պարերի մրցույթ էին կազմակերպել և այնտեղից բարձր երաժշտություն էր հնչում։ Հանրահավաքի վայրում «Նավալնիի կազմակերպած հավաքը արտոնված չէ» գրությամբ մեծ պաստառ էր փակցված։

Հանրահավաքից առաջ՝ գիշերը ոստիկանները բերման էին ենթարկել տեղի ակտիվիստներին, իսկ բեմը, որտեղ պետք է ելույթ ունենար Նավալնին, ապամոնտաժել էին։ Չնայած այս ամենին, Նավալնին չի չեղարկել իր ելույթը և խոսել է բարձրախոսով։

Ընդդիմադիր գործչի շտաբը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունների դեմ հայց է ներկայացնելու դատարան, ընդ որում՝ Նավալնիի շտաբն արդեն ուներ դատարանի որոշում, որը պարտադրում էր քաղաքապետարանին հավաքի նոր վայր առաջարկել։

Ընդդիմադիր գործիչը շարունակում է իր ակտիվ նախընտրական քարոզարշավը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին Նիժնի Նովգորոդ քաղաքում 3 օրով ձերբակալվել էր նրա շտաբի ղեկավարը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանում 2018-ի մարտի 18-ին նախագահական ընտրություններ են։ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, սակայն փորձագետները համոզված են, որ արդեն առաջիկայում Պուտինը հանդես կգա նման հայտարարությամբ։

Իրենց մասնակցության մասին հայտարարել են արդեն դեմոկրատական ճակատը ներկայացնող Ռուսաստանի բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը, Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը, սկանդալային գործարար Սերգեյ Պոլոնսկին, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:

Նավալնին ռուսական օրենքների համաձայն չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ դատապարտված է հինգ տարվա պայմանական ազատազրկման՝ «Կիրովլես» հայտնի գործով։

Ընդդիմադիր գործիչը, սակայն, շարունակում է իր ակտիվ քարոզարշավը և բազմահազարանոց հավաքներ է անցկացնում Ռուսաստանի տարբեր մարզերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG