Մատչելիության հղումներ

Նախկին չծառայածներին պետք էր Հայաստան վերադառնալու ավելի հեշտ հնարավորություն տրվեր. Անդրանիկ Քոչարյան


Նախկին չծառայածներին պետք էր տալ ավելի հեշտ հնարավորություն Հայաստան վերադառնալու համար, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։

«Ես բազմիցս ասել եմ իմ տեսակետը, որ խոսքը գնում է 11 հազար մարդկանց մասին, և մեր այդ ռեսուրսը մենք պետք է պարզապես սահմանից դուրս չթողնենք։ Նրանց պետք էր տալ ավելի հեշտ Հայաստան վերադառնալու հնարավորություն, իսկ նման գումարի չափը շատերի համար լինելու է անհնար», - ասաց Քոչարյանը։

Նշենք, որ խորհրդարանն այսօր միաձայն և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը:

Օրենքի համաձայն, արտերկրում գտնվող Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր խուսափել են զինծառայությունից, և ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ վճարելով 3 միլիոն 600 հազար դրամ տուգանք, վերադառնալ Հայաստան և ազատվել քրեական հետապնդումից։

Քոչարյանի խոսքով՝ օրենքն ունի խոչընդոտներ։ «Օրենքն ունի խոչընդոտներ վերադառնալուց առաջ ինչ-որ հարցերի մասին մտածելու։ Որովհետև, եթե մենք այսպիսի ձևաչափի մեջ ենք դնում, վերադարձողների հնարավորությունները կարող է չբավարարեն, որպեսզի նրանք հիմա որոշում կայացնեն և գան, խոսքը դրամականի մասին է։ Պետք է նաև հաշվի առնենք, որ շատերը միայն իրենց մեղքով չէ, որ գնացել են և խուսափել են ծառայությունից։ Դա եղել է նաև իրենց ծնողների որոշմամբ, և այստեղ նրանք վերադառնալու հնարավորությունը գուցե չեն կարողացել օգտագործել, որովհետև խնդիրները հնարավորություն չեն տվել նրանց վերադառնալու ուղղությամբ լուծումներ գտնել։ Ճիշտ կլիներ որպեսզի տրվեր ավելի մեծ հնարավորություն վերադարձն ապահովելու համար։ Դա այն ռեսուրսն է, որը գալով ունի որոշակի հնարավորություններ մասնակցելու մեր կյանքի տարբեր ոլորտներում իրենց մասնակցությունը ներդնելու, նաև պաշտպանական հարցերում, եթե մենք ճիշտ առաջարկ անենք պաշտպանությունից խուսափած այդ կոնտինգենտին», - ասաց նախկին փոխնախարարը՝ նշելով՝ ժամանակն է մտածելու այլընտրանքային ծառայության ներդրման մասին ևս։

«Այդ մարդիկ գուցե ունենան հնարավորություն իրենց չծառայածը լրացնեն նաև 27 տարին լրանալուց հետո ևս։ Այսօր միայն գումար մուծելով և ազատվելով այդպիսի պարտականությունից, մենք դնում ենք շատ անհավասար վիճակում այսօրվա ծառայողների և չծառայածների։ Եթե նույնիսկ նրանք գումար ունեն և մուծում են, սա ստացվում է, որ պետության՝ իրենց առջև դրված պարտականություններից հրաժարվեցին մուծելով որոշակի գումար։ Դա լուծում չի, և այդ լուծման ուղղությամբ արժեր որ մտածեր պաշտպանության նախարարությունը և Ազգային ժողովը։ Որովհետև, եթե մենք դեռ երկար ենք գտնվելու ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում, մեր բոլոր ռեսուրսները պետք է ճիշտ օգտագործվեն, նաև այն ռեսուրսները, որոնք չեն ծառայել, բայց ստացել են այլ որակավորում դրսում ապրելով, և այսօր կարող են մեր հայրենիքին ինչ-որ տնտեսության, գիտության մեջ նույն բանակին առնչվող շրջանակներում իրենց գիտելիքները ներդնեն», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG