Մատչելիության հղումներ

Հանրապետականը բանակից խուսափածներին վերջին հնարավորությունն է տալիս


Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ
Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Խորհրդարանն այսօր միաձայն ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքն ամբողջությամբ:

Ըստ այդմ, արտերկրում գտնվող Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր խուսափել են զինծառայությունից, և ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ վճարելով 3 միլիոն 600 հազար դրամ տուգանք, վերադառնալ Հայաստան և ազատվել քրեական հետապնդումից։

Օրենքին կողմ քվեարկեց նաև ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, թեև առաջին ընթերցման ժամանակ, սահմանված գումարի չափի պատճառով, վերապահումներով էին մասնակցել քվեարկությանը։

Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր շեշտեց՝ կողմ են քվեարկում, քանի որ կարևորում են օրենքով քաղաքացիներին տրվող հնարավորությունը:

Նիկոլ Փաշինյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Մենք, անկեղծ ասած, խնդիր ունենք նրա հետ, որ մուծումների չափերն ավելացվում են՝ ըստ էության կրկնապատկվում են, և նաև որոշ այլ դրույթների հետ, բայց այնուամենայնիվ մենք որոշեցինք կողմ քվեարկել, որպեսզի այն քաղաքացիներն, ովքեր անկախ ամեն ինչից պատրաստվում են էս հնարավորությունից օգտվել, այդ հնարավորությունը կարևոր ենք համարում», - հայտարարեց Փաշինյանը։

Ուշագրավ է, որ այսօր ընդունված օրենքի գործողության համար վերջնաժամկետ է սահմանված 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, այսինքն, եթե պատգամավորները 2019-ից հետո նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չգան, ապա բանակից խուսափած երիտասարդները Հայաստան վերադառնալու և սահմանված գումարը վճարելով քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չեն ունենա:

Իսկ այն, որ այսօրվա քաղաքական մեծամասնությունն այլևս չի ցանկանում երկարաձգել օրենքի գործունեության ժամկետը, «Ազատության» հետ զրույցում չթաքցրեց օրենքի համահեղինակ, հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը: Իսկ դա նշանակում է, որ բոլոր այն երիտասարդները, ում 27 տարին կլրանա 2017 թվականի դեկտեմբերի 1-ից հետո, կա՛մ պետք է Հայաստան չվերադառնան, կա՛մ վերադառնալու դեպքում նրանք ուղիղ բանտ կգնան:

Ի դեպ, Քրեական օրենսգրքի համաձայն, զինծառայությունից խուսափելը պատժվում է մինչև 3 տարվա ազատազրկմամբ:

Կարինե Աճեմյան, արխիվ
Կարինե Աճեմյան, արխիվ

«Ազատություն». - Տիկին Աճեմյան, քաղաքական դիրքորոշում կա՞ իշխող Հանրապետականի մոտ, որ 2019-ի դեկտեմբերից հետո նոր օրենքով, կամ օրենքը կրկին երկարացնելու նախաձեռնությամբ քաղաքական իշխող մեծամասնությունը հանդես չի գալու։

Աճեմյան. - Մենք որևէ այդպիսի որոշում կուսակցությունով չենք ընդունել, բայց քանի որ Ազգային ժողովը քաղաքական ամբիոն է, քաղաքական ինստիտուտ է, և մենք բոլորս քաղաքականությամբ ենք զբաղվում, ես կարծում եմ, որ Դուք կարող եք հենց այդպես էլ ընդունել՝ որպես քաղաքական որոշում։ Որոշումներն իրականում օրենքի տեսքով, դրանք քաղաքական են նաև։

«Ազատություն». - Այսինքն՝ Հանրապետականն այլևս մտադիր չէ, որպես քաղաքական մեծամասնություն, նման օրինագիծ նորից բերել խորհրդարան 2019-ից հետո։

Աճեմյան. - Այս պահին մտադիր չէ, ժամանակները ցույց կտան։ Աստված տա, որ այս ցիկլը չշարունակվի, այսինքն՝ մարդիկ հասկանան, գիտակցեն, որ կարելի է մինչև 27-ը գալ, ծառայել բանակում։ 27-ից հետո արդեն իրենք երևի պետք է պատկերացնեն իրենց իրավիճակը և մինչև այդ որոշումներ կայացնեն։

«Ազատություն». - Այսինքն՝ ում 27-ը լրացավ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը, կկարողանա օգտվել, դրանից հետո՝ ոչ։

Աճեմյան. - Եթե չի լրանում, քանի որ շատ են ձեզ լսում, կոչ եմ անում՝ վերադառնալ, ծառայել բանակում, այդ ծառայությունը հպարտորեն անցկացնել և ապրել հայրենիքում։

«Ազատություն». - Կամ, դրանից հետո, եթե ուզում են գալ հայրենիք, Հանրապետականը նրանց բանտեր կտանի։

Աճեմյան. - Բանտեր ոչ ոք չի պատրաստվում տանել, բայց սա միջին կարգի հանցագործություն է համարվում, և նաև այն մարդկանց հանդեպ անազնիվ, ովքեր ծառայում են, այն ընտանիքների, ովքեր իրենց երեխաներին ուղարկում են, սպասում են երկու տարի։

Ի դեպ, նկատենք, անցած երկու շաբաթվա ընթացքում հանրապետականների հռետորաբանությունը խնդրի հետ կապված կտրուկ փոխվեց: Եթե ավելի վաղ խորհրդարանի ամբիոնից Կարինե Աճեմյանը հայտարարում էր, թե արտերկրում գտնվող երիտասարդների առջև դուռը փակելը տրամաբանական չէ, և նրանց Հայաստան վերադառնալու հնարավորություն պետք է տրվի, ապա օրենքի համահեղինակն այժմ հորդորում է «արտերկրում թափառելու փոխարեն» վերադառնալ հայրենիք և ծառայել բանակում:

Ընդ որում, օրենքի քննարկման ժամանակ առաջարկվող սահմանափակումներին ու նաև վճարվող գումարը կրկնապատկելուն դեմ էին արտահայտվում հենց հանրապետականները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ շեշտելով՝ «պետք չէ երիտասարդների վզին տալ, տանել-մտցնել բերդ»:

Չնայած այս ամենին, նաև հանրապետականներն այսօր միաձայն կողմ քվեարկեցին օրենքին՝ ըստ էության ընդունելով Պաշտպանության նախարարության գրեթե բոլոր առաջարկները. նախ օրենքով ավելացվեց վճարվող գումարի չափը, նաև օրենքի գործողության կոնկրետ ժամկետ ֆիքսվեց՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում շեշտում է՝ միանշանակ անընդունելի է նման օրենքը, քանի որ «կացնային մեխանիզմով» էլ ավելի ենք փոքրացնում երկրի մարդկային ռեսուրսը:

Ըստ Քոչարյանի, այն երիտասարդները, ովքեր հնարավորություն չեն ունենա վճարել 3 միլիոն 600 հազար դրամ, կամ ում 27 տարի կլրանա այս տարվա դեկտեմբերի 1-ից հետո, նրանք՝ մնալով արտերկրում, կդառնան այլ երկրների աշխատանքային, գիտական ու ֆինանսական ռեսուրսը:

Անդրանիկ Քոչարյան, արխիվ
Անդրանիկ Քոչարյան, արխիվ

«Ես առաջարկում եմ որպեսզի մտածեն այլ մեխանիզմների մասին ևս՝ այլ ծառայությունների մեջ նրանց ներգրավելու հնարավորությամբ՝ ալտերնատիվ ծառայություններ, ուսումնական պրոցեսներով նրանց դարձնել պատերազմական վիճակներում օգտագործվելիք որպես զինվորական ռեսուրս։ Շվեյցարացիները ո՞նց են դա անում։ Պետք է կարողանանք գտնենք այն լուծումները, որոնք մեզ հնարավորություն կտան ռեսուրս չկորցնելու», - ասաց Քոչարյանը։

Ճշտող հարցին, թե բանտ տանելու փոխարեն նրանց օգտագործել բանակի համա՞, պաշտպանության նախկին փոխնախարարը պատասխանեց. - «Բանտ տանելը պետք է բացառել, որովհետև նրանք, կատարել են, ըստ մեր այսօրվա ընդունված օրենքի, հանցագործություն, բայց պատկերացրեք՝ 11 հազարը փող չունեն և ուզում են գան իրենց երկիրը և դառնան մեր երկրի համար պիտանի քաղաքացի, նրանք ի՞նչ, պետք է գնան բա՞նտ։ Ճիշտ են ասում հանրապետականներից շատերը, որ բոլորին տանենք բանտ, ուրեմն բանտում շատ ծանր հանցագործներին պետք է բաց թողնենք, որպեսզի տեղեր ազատենք այս մարդկանց բանտ լցնելու համար։ Բայց ինչո՞ւ լցնենք բանտ։ Եթե մենք պատերազմող երկիր ենք, ամեն մի զինվորը մեզ համար ռեսուրս է։ Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու։ Այս օրենքը խնդիրները չի լուծում, այս օրենքով ինչ-որ խնդիրներ լուծելով տասնյակ այլ խնդիրներ ենք առաջացնում՝ մեր երկրում մնալու և մեր երկրի համար օգտակար ռեսուրս դառնալու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG