Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը աննախադեպ հետաքննություն է սկսել Ադրբեջանի դեմ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, արխիվ

Եվրախորհուրդը աննախադեպ հետաքննություն է սկսել Ադրբեջանի դեմ՝ ստրասբուրգյան դատարանի որոշումը անտեսելու և ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին ազատ չարձակելու համար: Առաջին անգամ իր պատմության մեջ Նախարարների կոմիտեն գործի է դրել 7 տարի առաջ հաստատված ընթացակարգն ու պաշտոնապես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ պարզելու, թե ինչ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանը 2014-ին կայացված վճիռն իրագործելու համար:

Դեռ երեք տարի առաջ Ստրասբուրգի դատարանը պարզել էր, որ Ադրբեջանի իշխանությունները ընդդիմադիր գործչին մեղադրանք են առաջադրել, ձերբակալել ու կալանավորել առանց արժանահավատ ապացույցների, եզրակացնելով՝ փաստացի քրեական գործը հարուցվել է իշխանությունների քննադատ Մամեդովին լռեցնելու ու պատժելու համար:

«Ռեալ» շարժման առաջնորդը ազատազրկվել է 2013 թվականին՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, երբ հայտարարել էր, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իշխանությունները նրան մեղադրել էին Բաքվից ոչ հեռու գտնվող Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար ու դատապարտել 7 տարվա ազատազրկման: Միջազգային իրավապաշտպան կառույցները կալանքը որակել էին անհիմն ու անհամաչափ, Մամեդովին՝ քաղբանտարկյալ, Եվրոպական դատարանը փաստել էր, որ նրա ազատազրկմամբ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից երեք հոդված, և պահանջել էր առանց նախապայմանների ու անհապաղ ազատ արձակել նրան:

Դատարանի այդ վճռից հետո՝ մինչ օրս, ընդդիմադիր գործիչը մնում է ճաղերի ետևում, չնայած Եվրախորհրդի նախարարների կոմիտեի տասնյակ բանաձևերին ու զգուշացումներին: Այժմ, փաստորեն, Եվրախորհուրդը Ադրբեջանի դեմ իրավական ընթացակարգ է սկսում, ինչի արդյունքում Բաքուն կարող է զրկվել ձայնի իրավունքից կամ հեռացվել կառույցից:

Նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե Բաքուն կարող է ինքնակամ դուրս գալ Եվրախորհրդից, քանի որ այդ կառույցը, նրա պնդմամբ, Ադրբեջանի դեմ անարդար քաղաքականություն է վարում:

«Ավելի քան 15 տարի մենք Եվրոպայի խորհրդի ակտիվ անդամ ենք, սակայն վերջին շրջանում կառույցի գլխավոր քարտուղարի գործունեության արդյունքում Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև արհեստական ճգնաժամ է ստեղծվել, որի նախաձեռնողը մենք չենք: Մենք պարզապես համարժեք քայլեր ենք ձեռնարկում ի պատասխան մեր նկատմամբ իրականացվող անարդար և կեղծավոր քաղաքականության», - անցած նոյեմբերին ասել էր Ադրբեջանի առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG