Մատչելիության հղումներ

Ադրբեջանը վերջապես պատասխանատվություն կկրի Եվրադատարանի վճիռը չկատարելու համար


Ֆրանսիա - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ
Ֆրանսիա - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Ադրբեջանը վերջապես պատասխանատվության կբախվի քաղաքական ակտիվիստ Իլգար Մամադովին ճաղերի հետևում պահելու համար: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն անցած հինգշաբթի որոշել է Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց սկսել, քանի որ Մամադովի գործով Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Այս մասին հաղորդում է Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ իշխանությունները պետք է ազատ արձակեն Մամադովին և անարդար դատապարտված մյուս ակտիվիստներին:

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների իրավական հարցերով տնօրեն Ֆիլիպ Դանը նշում է, որ Նախարարների կոմիտեի որոշումը կարող է մանկական քայլ թվալ, բայց դա այդպես չէ: «Ավելի շուտ դա աննախադեպ և համարձակ քայլ է, որը Եվրոպայի խորհուրդը նախկինում երբեք չի արել: Իրավական գործընթացը կարող է հանգեցնել կա՛մ Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելուն, կա՛մ Եվրոպայի խորհրդից հեռացնելուն», - ասել է նա:

2014 թվականի մայիսին Եվրոպական դատարանը առանց երկիմաստության, միանշանակ վճիռ էր կայացրել Մամադովին ազատ արձակելու համար: Դատարանը գտել էր, որ 2013-ին Մամադովի ձերբակալությունը անօրինական է, որ ձերբակալության նպատակը նրան լռեցնելն ու պատժելն է՝ կառավարությանը քննադատելու համար: Եվրոպական դատարանը հստակորեն որոշել էր, որ նա պետք է ազատ արձակվի: Բայց դատարանի որոշումից ավելի քան երեք տարի անց Մամադովը դեռ ճաղերի հետևում է՝ չնայած նրան ազատելու համար Նախարարների կոմիտեն ևս շուրջ մեկ տասնյակ բանաձև է ընդունել, ինչպես նաև Ադրբեջանի կառավարությանն էր դիմել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Ֆիլիպ Դանը նշում է, որ Նախարարների կոմիտեի որոշումը երկար սպասված վճռականության դրսևորում է: «Ես հույս ունեմ՝ այն վերջ կտա դատարանի հանդեպ Ադրբեջանի քամահրական վերաբերմունքին: Դա երկար գործընթաց է, Եվրախորհրդից Ադրբեջանին հեռացնելու որոշում չի կարող շուտ ընդունվել: Սա Ադրբեջանի կառավարությանը վերջին հնարավորությունն է տալիս ճիշտ քայլ կատարել և ազատ արձակել Մամադովին», - այսօր ասել է Դանը:

Նա ընդգծել է, որ Մամադովի գործը առանձին դեպք չէ: Փետրվարին ձերբակալվել են տասնյակ իրավապաշտպաներ, լրագրողներ, ակտիվիստներ, այդ թվում՝ բլոգեր Մեհման Հուսեյնովը, լրագրող Աֆղան Մուխթարլին, ով մայիսին առևանգվել է Թբիլիսիում և անարդարացի պահվում է Բաքվի մեկուսարանում: Որոշ ակտիվիստներ 2016-ի ընթացքում ազատ են արձակվել, սակայն նրանց ճամփորդությունների վրա արգելքներ են դրված, նրանք չեն կարող երկրից դուրս գալ, չեն կարող նորմալ աշխատել, քանի որ կառավարությունը փակել է նրանց կազմակերպությունները:

Human Rights Watch-ը նշում է, որ Ադրբեջանի կառավարության միջազգային գործընկերները, ներառյալ Եվրոպայի խորհուրդը, պետք է հստակորեն հայտարարեն, որ դատական որոշումները արհամարհելը և քաղբանտարկյալներին ազատ չարձակելը կարող են հանգեցել ավելի լուրջ հետևանքների:

Վերջում նշենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ի այսօրվա արտոնված հանրահավաքի նախօրեին Ադրբեջանի իշխանությունները վեց ակտիվիստի են ձերբակալել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG