Մատչելիության հղումներ

Փոխվարչապետ․ ԵՄ աջակցությունը օգտագործվելու է Հայաստանի տնտեսության արդիականացման նպատակով


Առաջիկա երեք տարիներին Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք մինչև 176 միլիոն եվրո ուղիղ աջակցությունը օգտագործվելու է Հայաստանի տնտեսության արդիականացման նպատակով, իսկ ձեռքբերումները դրանից, ըստ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, բազմաթիվ են լինելու։

«Ազատության» հետ զրույցում փոխվարչապետը ասաց, որ բարեփոխումները այժմ մշակվում են, դրանց նպատակը լինելու է տնտեսության կարողությունների ձևավորումը և հնարավորությունների ստեղծումը․ - «Հայաստանի ձեռքբերումները բավականաչափ շատ են, որովհետև մենք հնարավորություն ենք ունենալու որոշակի քաղաքականության ոլորտում իրականացնել բարեփոխումներ՝ աջակցությամբ, տեխնիկական հնարավորությունների մեծացմամբ»:

Ֆինանսական օգնությունը Եվրամիությունը Հայաստանին տրամադրելու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում։

Համաձայնագրի 57-րդ հոդվածում ամրագրված է, որ կողմերը պետք է մշակեն և ամրապնդեն իրենց համագործակցությունը արդյունաբերական և ձեռնարկատիրական քաղաքականության շուրջ՝ բարելավելով գործարար միջավայրը բոլոր տնտեսական օպերատորների համար, սակայն՝ առանձնահատուկ շեշտադրելով փոքր և միջին ձեռնարկատիրությունը: Ըստ այդմ՝ Հայաստանը պետք է բարելավի իր վարչական և կարգավորիչ օրենսդրական դաշտը:

Եվրամիությունը այս պահի դրությամբ Հայաստանի խոշորագույն արտահանման շուկան է: Մետաղներն ու ադամանդը դեպի Եվրամիության շուկա արտահանվող ապրանքների առաջատարներ են: Միությանը բաժին է հասնում Հայաստանի առևտրի ընդհանուր ծավալի մոտ 22 տոկոսը:

Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ եթե նախկինում Հայաստանից հիմնականում հումք էր արտահանվում Եվրոպական միություն, ապա հիմա իրավիճակը կփոխվի: Ըստ փոխվարչապետի, հայաստանյան բիզնեսը արդեն վերակառուցվում է, և իրենց տվյալները ցույց են տալիս, որ պատրաստի ապրանքների պոտենցիալ շուկա է դիտարկվում ոչ միայն Եվրասիական, այլև Եվրոպական միությունը․ - «Բացի հումքային արտադրանքից, նաև ապրանքացանկը, որը արտահանվում է, ևս աճել է: Այս տեսակետից կարևոր է, դա նշանակում է, որ մենք աշխատում ենք երկու ուղղությամբ էլ՝ ապրանքացանկն էլ, արտադրողների քանակն էլ մեծացել են: Դա գալիս է նրանից, որ բիզնեսը արդեն իսկ վերակառուցվում է և նայում է երկու հնարավոր ուղղությամբ էլ»:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, մինչդեռ, դեպի Եվրամիություն ապրանքներ արտահանելու հարցում վատատես է։ Նրա խոսքով, նոր համաձայնագիրը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացում, սակայն Հայաստանը նման հնարավորություններ էլի է ունեցել, բայց չի օգտագործել․ - «ԵԱՏՄ կառույցում գտնվող պետությունը, որի համար ստանդարտները բավականին ցածր են ԵԱՏՄ արտահանելու համար, և գայթակղությունը մեծ է մնալ այդպիսի անորակ ապրանք արտադրող, իրականում շարունակելու է լինել, որովհետև այս պարագայում մենք ունենք սպառում այնպիսի տնտեսություններում, որտեղ բարձրորակ ապրանք չի ակնկալվում»:

Թանդիլյանը ասաց, որ որպես պատգամավոր հետևելու է համաձայնագրով նախատեսված բարեփոխումների իրականացմանը:

Ի պատասխան հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հայկական ապրանքների որակը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ, փոխվարչապետը պնդեց, որ որոշ դեպքերում Եվրասիական և Եվրոպական միությունների ստանդարտները համապատասխանում են, բայց դեպքեր էլ կան, երբ Եվրասիական միության ստանդարտներն են ավելի խիստ:

«Ամեն ինչ միանշանակ չէ», - ասաց Գաբրիելյանը։ - «Դրա համար պետք է արդեն կոնկրետ ոլորտներով քննարկել և հասկանալ, թե որոնք են մեր նեղ տեղերը: Եվ արդյո՞ք այդ առավել խիստ ստանդարտները բավարարում են, չեն բավարարում, և մեր արտադրողները որքա՞ն ներդրումների կարիք ունեն, որպեսզի դրան հասնեն»:

2018 թվականի հունվարի 1-ից որոշ ապրանքատեսակների մասով Հայաստանում ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական միության մաքսային դրույքաչափերը, ինչի հետևանքով կբարձրանան միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքների գները։ Լայն սպառման մթերքներից թանկանալու են, օրինակ, ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրվող թռչնամիսը, կաթը, կարագը, ձեթը, թեյը։

«Ազատության» հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկում կառավարությունում գնաճը մեղմելու համար, փոխվարչապետը պատասխանեց, որ կառավարությունը գնաճի խնդիր չի տեսնում։ Գաբրիելյանը ասաց, որ մաքսային դրույքաչափեր բարձրացվել են նաև օայս տարի, բայց գնաճը շատ չի եղել: Նույնը, նրա խոսքով, կլինի նաև 2018-ին․ - «Երբ որ մենք գնահատում ենք 2018 թվականի համար հնարավոր ավելացումները, նրանց ընդհանուր ավելացումը սպառողական գների համաթվի վրա կես տոկոսից ավել չի կարող լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG