Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԵՄ հատուկ ներկայացուցչին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, թե ուրախ է, որ այս կարևոր առաքելությունը վերստին վստահվել է փորձառու դիվանագետի:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարի գործունեությունն իր դրական նպաստը կբերի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այլ նաև նոր շունչ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

Նշելով, որ ԵՄ նախորդ հատուկ ներկայացուցչի՝ Հերբերտ Զալբերի հետ հաջողվել էր հաստատել աշխատանքային լավ մթնոլորտ և անցկացնել անկեղծ ու բաց քննարկումներ՝ Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ նոր հատուկ ներկայացուցչի հետ ևս աշխատանքը կընթանա նույն ոգով:

ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, և ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար:

Նշելով, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ԵՄ-ն և Հայաստանը նոր գլուխ են բացում իրենց հարաբերությունների պատմության մեջ՝ Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ ինքը ևս կկարողանա ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման և խորացման գործում:

Նույն օրը Տոյվո Կլաարին ընդունել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ըստ արտգործնախարարության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր, երկուստեք կարևորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն ամուր իրավական հիմք է ՀՀ և ԵՄ միջև համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար:

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցնումները, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Տոյվո Կլաարը նշել է, որ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր առաքելությանը և վերահաստատել է Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG