Մատչելիության հղումներ

Թուրք գործարարը Նյու Յորքի դատարանում տվել է Էրդողանի անունը


Գործարար Ռեզա Զարաբ, արխիվ
Գործարար Ռեզա Զարաբ, արխիվ

Իրանական ծագումով թուրք գործարար Ռեզա Զարաբը Նյու Յորքի դատարանում թուրքական «Հալք» բանկի փոխտնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի դեմ գործով դատաքննության ընթացքում վկայություն տալու երրորդ օրը նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անունը՝ պնդելով, որ վերջինս անձամբ է լիազորել 1 միլիարդ դոլարի փոխանցումը, որպեսզի օգնի Իրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցները:

Գործարարն ավելի վաղ ասել է, որ 2012 թվականին մի քանի միլիոն դոլար կաշառք է տվել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանին: Զարաբը պատմել է իր դերակատարման մասին՝ նշելով, որ փողերի լվացման գործարքի ընթացքում կաշառք է տվել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների:

Ոսկու առևտրով զբաղվող Զարաբը ավելի վաղ իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման մեջ և համագործակցում է քննության հետ:

Պաշտոնական Անկարան, հիշեցնենք, պնդում էր, որ Միացյալ Նահանգներում Զարաբի դեմ հարուցված գործը «դավադրություն է Թուրքիայի դեմ»: Ամերիկացի դատախազների պնդմամբ, մինչդեռ, հանցավոր այս գործարքների արդյունքում Իրանը շուրջ մեկ միլիարդ դոլարի շահույթ է ստացել նավթի ու գազի վաճառքից՝ պատժամիջոցների շրջանցմամբ օգտվելով ամերիկյան և համաշխարհային բանկային համակարգերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG