Մատչելիության հղումներ

Թուրք գործարարը Նյու Յորքի դատարանում պատմել է, որ 2012-ին կաշառել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարին


Ռեզա Զարաբ (աջից), Մեհմեդ Հաքան Աթիլլա

Իրանական ծագումով թուրք մեծահարուստ գործարար Ռեզա Զարաբը վկայություն է տվել, որ 2012 թվականին Թուրքիայի էկոնոմիկայի նախարարին՝ Մեհմեդ Զաֆեր Չաղլայանին մի քանի միլիոն դոլար կաշառք է տվել, որպեսզի վերջինս օգնի Իրանին շրջանցել Միացյալ Նահանգների ֆինանսական պատժամիջոցները: Այս մասին գործարարը հայտնել է երեկ Նյու Յորքի դատարանում՝ թուրքական «Հալք» բանկի փոխտնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի դեմ գործով դատաքննության ընթացքում:

Զարաբը պատմել է իր դերակատարման մասին՝ նշելով, որ փողերի լվացման գործարքի ընթացքում կաշառք է տվել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների:

Ոսկու առևտրով զբաղվող Զարաբը ավելի վաղ իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման մեջ և համագործակցում է քննության հետ:

Պաշտոնական Անկարան, հիշեցնենք, պնդում էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Զարաբի դեմ հարուցված գործը «դավադրություն է Թուրքիայի դեմ»:

Ամերիկացի դատախազների պնդմամբ, մինչդեռ, հանցավոր այս գործարքների արդյունքում Իրանը շուրջ մեկ միլիարդ դոլարի շահույթ է ստացել նավթի ու գազի վաճառքից՝ պատժամիջոցների շրջանցմամբ օգտվելով ամերիկյան և համաշխարհային բանկային համակարգերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG