Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը շատ լուրջ է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների՝ երեկ Մինսկում ընդունած հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահող երկրների ջանքերին աջակցելու վերաբերյալ։
Քաղաքագետի համոզմամբ՝ այս որոշումը Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետևանքն է։
«Ազատություն». - Նախ՝ ՀԱՊԿ-ի մասին, մի ակումբ, որտեղ Հայաստանի հետ անթաքույց պրոադրբեջանական երկրներ են՝ Ղազախստան, Բելառուս, և այսպիսի մի չեզոք, գոնե ոչ հակահայկական հայտարարության ընդունումը համարվում է հաջողություն։ Արդյո՞ք անվտանգության հարց կարող է լուծել այս կառույցն այսպիսի մթնոլորտում։
Գրիգորյան. - Այս որոշումը ուղղակի հետևանքն է նրա, որ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց պայմանագիր։ Ինչո՞ւ՝ որովհետև Հայաստանը ստացավ համագործակցության այլընտրանք։ Չեմ ասում, որ մենք կտրուկ ինչ-որ բան կփոխենք էս այլընտրանքի միջոցով։ Դուք հիշում եք, այդ պայմանագրում՝ Եվրամիության-Հայաստան, հստակ ֆիքսված է, թե ոնց պետք է լուծվի Ղարաբաղի հարցը՝ Մինսկի խմբի շրջանակներում՝ հենվելով երեք սկզբունքների վրա։ Պարզ է, որ Ռուսաստանը հասկացավ, որ ՀԱՊԿ-ում ինքը նույնատիպ բան պետք է անի, որ Հայաստանը չհեռանա, կամ չնեղանա։ Նայեք, երբ որ դու նույնիսկ դեռ փորձում ես վերադառնալ բազմավեկտոր քաղաքականություն, արդյունքները ինքնըստինքյան գալիս են։
«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, Ղարաբաղի սահմանային միջադեպերին, պարզ է, ՀԱՊԿ-ը չի միջամտում, բայց երբ Տավուշի ուղղությամբ է կրակում ադրբեջանական կողմը, միևնույն է, լավագույն դեպքում մի մաշված հայտարարություն է գալիս այս կառույցից։
Գրիգորյան. - Ճիշտ եք, բայց այնուամենայնիվ այս հայտարարությունը շատ լուրջ է, դա սկզբունքային փոփոխությունների մասին է ասում հենց ՀԱՊԿ-ում։ Գիտե՞ք, ես չեմ համարում, որ Ղազախստանն ու Բելառուսը ինչ-որ հակահայկական բան են վարում, բայց Դուք գիտեք, Ղարաբաղի հարցում միշտ ունեին վերապահումներ։ Այն, որ իրենք միացան, դա շատ լուրջ փոփոխություն է, որը բխեց հենց նրանից, որ Հայաստանը սկսեց բազմավեկտոր քաղաքականությանը վերադառնալ։
«Ազատություն». - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ է օրեր առաջ բանակցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Անկարան միշտ բաց տեքստով պաշտոնապես Ղարաբաղի հարցում զորակցություն է հայտնում Բաքվին, և ահա այս հանդիպմանը Երևանը դեռ չի արձագանքել։
Գրիգորյան. - Գիտե՞ք, շատ հետաքրքիր էր այս վերջին՝ Էրդողան-Պուտին հանդիպումից Էրդողանի հայտարարությունը։ Ինքն ասեց, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին Ռուսաստանում է՝ Մոսկվայում է գտնվում։ Մենք հասկանում ենք, որ այդքան էլ այդպես չէ։ Ռուսաստանի դերը շատ մեծ է, բայց այդքան էլ այդպես չէ։ Ինքը ի՞նչ է ուզում՝ ինքը հիշում է Ղարսի պատմությունը ու ինքը ուզում է Ռուսաստանի ձեռքերով հիմա լուծել Ղարաբաղի հարցը, ու Չավուշօղլուի այդ հանդիպումը՝ իրենք անընդհատ բզում են, իրենք ուզում են, որ անընդհատ ակտուալ լինի Ղարաբաղի հարցը։ Իրենք հասկանում են, որ կորցրեց Ադրբեջանը Ղարաբաղը... ու եթե Ադրբեջանը դա չի հասկանում, Թուրքիան, կներեք, լուրջ երկիր է, նույնիսկ Էրդողանով լուրջ երկիր է, իրենք հասկանում են, որ Ռուսաստանի դերն իրոք քիչ չի, և իրենք ուզում են Ռուսաստանի միջոցով փրկել իրավիճակը։ Մեր քաղաքականությունը նա պետք է լինի, որ Ռուսաստանի հետ աշխատելով, նույնիսկ եթե քննադատելով, բայց Ռուսաստանին անընդհատ ուշադրության մեջ պահել՝ և՛ մեր ուշադրությունը Ռուսաստանի նկատմամբ, և՛ Ռուսաստանի, որ այս ձևի խորամանկություններ չլինի․ ո՞վ էր Չավուշօղլուն, որ հանդիպեց համանախագահող երկրների դեսպանների հետ, ինքն ի՞նչ դերակատարություն ունի, իրենք Մինսկի խմբի ֆորմալ անդամ են, նույնիսկ իրենց ոչ մի տեղ չեն կանչում, քանի որ պրիմիտիվ, միակողմանի պրոադրբեջանական երկիր են, ի՞նչ կապ ունեն իրենք։ Իրենք հասկանում են՝ ղարաբաղյան հարցը գրեթե լուծված է, դե ֆակտո լուծված է, մնաց դե յուրե անել։
Հիշեցնենք՝ երեկ ընդունված հայտարարությունում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Ստեփան Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.