Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը երեկ բանակցություններից հետո հրապարակավ ղարաբաղյան խնդրին չեն անդրադարձել


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում, 13-ը նոյեմբերի, 2017թ.

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները երեկ ուշ երեկոյան ամփոփել են Սոչիում կայացած բանակցությունները, սակայն լրագրողների հարցերին չեն պատասխանել։

Բանակցություններից հետո ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ ղարաբաղյան հարցին չեն անդրադարձել, թեև Էրդողանը հանդիպման նախօրեին՝ Բաքու այցից հետո, ասել էր, թե Պուտինի հետ բանակցելու է ղարաբաղյան խնդրի շուրջ քանի որ, իր կարծիքով, եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա, հարցը հնարավոր կլինի արագ կարգավորել։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, սակայն, խոսել են Սիրիայի խնդրից։ Էրդողանը, մասնավորապես, ասել է . - «Մենք եկել ենք համաձայնության, որ այս պահին արդեն հիմք կա, երբ մենք կարող ենք կենտրոնանալ սիրիական խնդրի քաղաքական կարգավորման վրա»։

Հիշեցնենք՝ Սոչի մեկնելիս Թուրքիայի նախագահը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների՝ Սիրիայի շուրջ համատեղ հայտարարությունը, Մոսկվային և Վաշինգտոնին կոչ էր արել դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից։

Բանակցություններից հետո լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Էրդողան-Պուտին հանդիպմանը Սիրիայից զորքերի դուրսբերման հարցը քննարկվել է, Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ հանդիպմանը շատ ավելի բարդ հարցեր են քննարկվել, հարցեր, որոնց մասին չի կարելի բարձրաձայնել։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկ երկար են բանակցել՝ շուրջ չորս ժամ։ «Ռուս-թուրքական հարաբերությունները, կարելի է ասել, վերականգնվել են և գրեթե հասել են նախկին մակարդակին», - հանդիպումից հետո հայտարարել է Պուտինը։

Չնայած Ռուսաստանի նախագահի այս հայտարարությանը, թուրքական ապրանքների դեմ գործող բոլոր արգելքները Ռուսաստանը դեռ չի վերացրել, ինչպես նաև Մոսկվան դեռ չի շտապում վերադառնալ առանց վիզաների ռեժիմի։

Պուտինն ու Էրդողանը երեկ կարևորել են երկու երկրների միջև համագործակցությունը հատկապես էներգետիկայի ոլորտում, ընդգծվել է «Թուրքական հոսք» գազատարի և «Ակկույու» ատոմակայանի ծրագրերի կարևորությունը։ Առաջիկա շաբաթներին «Ռոսատոմ»-ն արդեն անցնելու է ատոմակայանի կառուցման գործնական փուլին։

Երեկվա բանակցություններին ներկա են եղել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը:

Հավելենք, որ բոլորովին վերջերս վերջնականապես ստորագրվել էր C-400 (S-400) զենիթահրթիռային համակարգի վաճառքի մասին գործարքը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 12-ին Թուրքիայի վարչապետը Միացյալ Նահանգներում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այդ համակարգը Ռուսաստանից գնել է ստիպված, քանի որ չի ստացել համապատասխան աջակցությունը Միացյալ Նահանգների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG