Մատչելիության հղումներ

ԹԻՀԿ․ Առանձին հանքավայրերի և պաշտոնյաների միջև կապն անկնհայտ է


Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարը
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարը

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ուսումնասիրել է Հայաստանում ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման և հանքարդյունաբերող ընկերությունների կողմից ընդերքի շահագործման գորընթացն ու իր երկու տարվա ուսումնասիրությունների արդյունքում եզրակացրել, որ հանրությանը հասանելի չեն այս ոլորտում տեղի ունեցող ընթացակարգերը, որոշումները, փորձաքննություններն ու դրանց չափանիշները։

«Ընդերքաբանական փորձաքննության համար անհրաժեշտ տեղեկությունները և հիմնավորումները հաճախ մնում են փակ դռների հետևում, ինչն առաջացնում է կոռուպցիոն գործարքների վերաբերյալ մտավախություն», - ասված է հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած զեկույցում։

Կենտրոնի փորձագետները, շեշտելով, որ Հայաստանում հանքարդյունաբերությունն ամբողջովին գտնվում է մասնավոր հատվածի տիրապետության տակ, շատ դեպքերում օֆշորային տարբեր գոտիներում, նշում են, որ «առանձին հանքավայրերի և պաշտոնյաների միջև կապն անկնհայտ է»։ Առանձին օրինակներ բերելով՝ զեկույցում շեշտված է. - «Ընդերքօգտագործող ընկերությունների և պաշտոնյաների միջև կապի մասին մտահոգությունները խորանում են այն փաստով, որ կառավարությունն այդ ընկերություններին անթաքույց կերպով արտոնություններ է շնորհում»:

Հակակոռուպցիոն կենտրոնը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «հանքարդյունաբերության ծրագրերը լայն աջակցություն են վայելում համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծման հնարավոր հեռանկարի և խոստումների շնորհիվ, սակայն համայնքների բնակիչներն, ընդհանուր առմամբ, անտեղյակ են հանքավայրերի շահագործման բացասական հետևանքներին»։

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տասնամյակների ընթացքում ձևավորված պոչամբարի մասին բազմիցս ահազանգել են թե՛ բնապահպանները և թե՛ շրջակա գյուղերի բնակիչները։

«Պոչամբարը դեռ ցանկապատված չէ: Այրում համայնքի անմիջապես վարչական տարածքում ա գտնվում: Տներից 10-15 մետր ա հեռու էդ պոչամբարը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ճոճկան գյուղի ավագանու նախկին անդամ Սամվել Սիրադեղյանը:

Նա մտաբերում է, որ երկու տարի առաջ քննարկվել է Ճոճկանից ու Այրումից մոտ 40 հեկտար հավելյալ հողատարածք նոր պոչամբարի համար կոմբինատին հատկացնելու ծրագիրը, սակայն բնապահպանները ընդդիմացել են ու ծրագիրը մերժվել է․ - «Նոր տարածք չի ուզում, բայց պատնեշը բարձրացնելով՝ պոչհանքի մակերեսը բարձրանում է ու ընդգրկում է շրջակա հողատարածքները, որոնք գյուղատնտեսական նշանակություն ունեն: Արհեստականորեն արդեն մեծ տարածք ա նա զգաղացնում․ ոչ թե 16 հետկար, այլ արդեն 20-25 հեկտար տարածք ա զբաղացնում: Տնամերձ հողամասեր էլ կան շրջակայքում, որոնք կուլ են գնում, արդեն մնացել են այդ պոչամբարի տակ»:

Կոմբինատի ղեկավարության հետ կապվելու «Ազատության» բոլոր փորձերն ապարդյուն էին։ Ավելին, պոչամբարը կողքով անցնող ճանապարհից նկարահանելիս, հսկիչը կանգնեցրեց «Ազատության» մեքենան՝ հարցերով ու սպառնալիքներով։

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնն իր զեկույցում նաև նշել է, որ «չկա որևէ մեխանիզմ, որը թույլ կտար համադրել և վերլուծել հանքարդյունաբերության հնարավոր օգուտներն ու վնասները»։ Չնայած որոշ համայնքներում ընկերությունները հանդիպում են հակազդեցության, սակայն շատ դեպքերում բնակիչները չունենալով կոնկրետ տեղեկություններ շրջակա միջավայրի ազդեցության մասին, համաձայնում կամ հարմարվում են հանքավայրի վնասների հետ։

Ախթալայի պոչամբարի շրջակա բնակավայրերի բնակիչներն ասում են. - «Մենք ինչ գիտենք․․․ Ով ինչքան կապրի՝ կապրի»:

Վաղը Լոռու մարզի Օձուն համայնքին միացած Մղարթ բնակավայրում հերթական հանքարդյունաբերության հեռանկարն է դրված քննարկման։ Հանրությանն անհայտ «Միռամ» ընկերությունը կառավարությանը դիմել է համայնքի արոտավայրերում ոսկի որոնելու թույլտվություն ստանալու համար։

Մղարթին հարակից Արդվի բնակավայրում բոլորը դեմ են ծրագրին։ Ասում են, որ աչքի տակ առնված տարածքն Արդվիին ավելի մոտ է։ Արդվեցիները Օձունի համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի հետ նախնական քննարկման ժամանակ նշեցին, թե ընկերությունն արդեն իսկ բնակիչներից շատ բան թաքցնում է։ Նրանք համոզված են, որ այստեղ «մութ գործարքներ» կան։

XS
SM
MD
LG