Մատչելիության հղումներ

«Միռամ» ընկերությունը պատրաստվում է երկրաբանական ուսումնասիրություններ կատարել Մղարթում


Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքի ավագանու անդամ Աղաբեկ Մոսինյանը համացանցից է տեղեկացել, որ Մղարթի արդեն նախկին գյուղապետը համաձայնագիր է տվել «Միռամ» ընկերությանը՝ Մղարթի 54 հեկտար արոտավայրերի տեղում ոսկի որոնելու համար։ Ավելին՝ Մոսինյանը զարմացած է, որ մեկ ամիս առաջ, երբ ինքը Մղարթի ավագանու անդամ էր, գյուղապետարանում, իրենց քթի տակ, 15 հոգով հավաքվել են, հանրային լսում անցկացրել և դրական եզրակացությամբ արձանագրություն ուղարկվել Բնապահպանության նախարարություն։

«Փաստորեն նեղ կրուգով նման հանդիպում եղել ա, բայց ես ներկա չեմ։ Ու շատերից եմ լսել, որ ներկա չեն»․ - ասաց Մոսինյանը:

Մի քանի ամսվա պատմություն ունեցող «Միռամ» ընկերությունն ամռանը Մղարթ և հարևան Արդվի գյուղերում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար հայտ էր ներկայացրել նախարարություն։

Հանրային լսումների նպատակով, սակայն, ընկերության և Կառավարության ներկայացուցիչները Արդվի մտնելու հնարավորություն չունեցան։ Գյուղացիները մի մարդու նման փակեցին գյուղ տանող ճանապարհը։

Արդվեցիների բազմաթիվ բողոքներից և ավագանու կողմից ուսումնասիրությունն արգելող որոշումից հետո «Միռամը» ձեռք քաշեց Արդվու 146 հեկտարից և նոր հայտ ներկայացրեց նախարարություն՝ Մղարթին պատկանող 54 հեկտարը հետազոտելու համար։

Մղարթի նախկին գյուղապետարանի քարտուղար Հրաչյա Սուքիասյանը ցույց է տալիս 15 բնակիչների ստորագրությամբ արձանագրությունը, որտեղ շատ հակիրճ, առանց մանրամասների գրված է՝ «Միռամ» ընկերության ներկայացուցիչը համայնքի բնակիչներին մանրամասնորեն ներկայացրեց կատարվելիք աշխատանքների մասին..., բուռն քննարկում ծավալվեց և համայնքը տվեց իր համաձայնությունը...»

Հրաչյա Սուքիասյանը մասնակել է քննարկմանը, և կազմել 8 տողանոց արձանագրությունը, չնայած ասում է՝ Մղարթում արդեն երկրորդ հանքավայրը բացելուն դեմ է. համաձայնել են միայն երկրաբանական ուսումնասիրություններին։

Դիտարկմանը, թե ուսումնասիրություններին հաջորդելու հանքավայրի շահագործում, Սուքիասյանն արձագանքեց․ - «Կարող ա արդյունք չլինի, սկի չլինի․․․ Որ եղավ՝ հանքը հանք ա, սկի մեր լիազորություններն էլ չի սկի․․․ պետությանն ա, պետության հետ էլ իրանք համաձայնության կգան»:

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը Մղարթում արդեն 14 տարի ոսկու հանք է շահագործում։ Բնակիչներն ասում են, որ արդեն տեսել են ու հանքավայրի լինել-չլինելը գնահատելու առիթ ունեն։

«Քանի տարի էլ աշխատում են, բայց գյուղի համար ոչ մի էական բան չկա, մի հատ արած բան, որ ասես գյուղի համար արվել ա», - ասաց Մղարթի դպրոցի ուսուցչուհի Արմինե Մամաջանյանը:

Լուսինե Վահրամյանը ոսկու հանքում աշխատում է շահագործման առաջին իսկ օրերից։ Ասում է՝ սեզոնային աշխատանք է։ Տարվա կեսն զբաղված են, բայց անգամ նա վերապահում ունի, թե հանքը լավ բան է աշխատատեղերի կարիք ունեցող գյուղի համար․ - «Ես գոհ եմ, որ մոտիկ ա մեր գյուղին, տրանսպորտի գումար չենք տալիս: Իմ ապրելու միջոցը դա ա եղել, բայց շատ-շատերն էլ չեն աշխատել, չէ՞: Գյուղից կարող ա 300 հոգուց աշխատել ա մի 15 հոգի: Դրանով եղավ, որ մեր գյուղը աշխատատե՞ղ կա: Չէ»:

Դեկտեմբերի 1-ին Մղարթում նշանակված են երկրորդ հանրային լսումները։ Բնակիչներից շատերը, ովքեր անտեղյակ են եղել հոկտեմբերի 4-ի քննարկումներից, ասում են՝ մասնակցելու են և դեմ են արտահայտվելու։

Օձունի ավագանու անդամ, Մղարթի հիմնական դպրոցի տնօրեն Աղաբեկ Մոսինյանն ասում է. - «Եթե իմ խոսքը կանցնի, անձամբ ես դեմ եմ դրան»:

«Եթե գրավոր համաձայնությունը տան, որ ամեն տանից գոնե մի հոգի աշխատելու ա, ինձ թվում ա, բոլորն էլ համաձայն կլինեն», - հավելեց մղարթեցի մի կին:

Հարևան Արդվի բնակավայրում չեն համարում, որ «Միռամը» հրաժարվել է պատմամշակութային կենտրոնը հանքավայր դարձնելու մտադրությունից։ Շեշտում են, թե Մղարթի 54 հեկտարն ընդամենը 2 կմ է հեռու Արդվիից և ասում, որ շարունակելու են պայքարը այս ծրագիրը ևս կանգնեցնելու համար․ - «Մենք չենք թողնելու ո՛չ շահագործում, ո՛չ էլ քանդել կամ եսիմ ինչ: Ինչի՞ գնանք էն քայլին, որ էսօր եկեք իրար խաբելով տեսնենք ինչ ա, վաղն էլ տենանք հլա կարում ենք ձեզ խաբենք»:

Խոշորացած Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանն ասաց․ - «Եթե Մղարթ համայնքը կուզենա հանք շահագործել, ես կլինեմ իրանց կողքին, եթե չեն ուզենա, ես էլի կլինեմ իրանց կողքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG