Մատչելիության հղումներ

Անկարան պնդում է, թե ԱՄՆ-ը դավադրություն է կազմակերպել Թուրքիայի դեմ


Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղ, արխիվ

Թուրք-ամերիկյան արդեն իսկ լարված հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում. Անկարան պնդում է, թե Վաշինգտոնը դավադրություն է կազմակերպել Թուրքիայի դեմ և կեղծ ցուցմունքներով փորձում է նախագահ Ռեջեփ Էրդողանի դիրքերը թուլացնել:

«Մենք այլևս թաքցնելու ոչինչ չունենք և հրապարակավ հայտարարում ենք՝ թուրք գործարար Ռեզա Զարաբի դեմ Նահանգներում հարուցված գործը դավադրություն է Թուրքիայի դեմ», - երեկ կառավարության նիստից հետո հայտարարեց փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը՝ հավելելով․ - «Ակնհայտ է՝ դա քաղաքական գործ է՝ իրավական հիմքերից բացարձակապես զուրկ: Ամերիկացի դատախազները գերի են պահում կասկածյալներին և բացահայտ ճնշում են գործադրում նրանց վրա՝ Թուրքիայի դեմ ցուցմունքներ կորզելու համար»:

Արևմտյան լրատվամիջոցները փաստում են՝ թուրքական կողմը հակահարձակման անցավ, երբ օվկիանոսի այն կողմից հաղորդվեց, որ ազատազրկված թուրք գործարարը համաձայնել է համագործակցել ամերիկացի իրավապահների հետ և ցուցմունքներ տալ, ինչի արդյունքում կարող են ջրի երես դուրս գալ Էրդողանի կառավարությանը մերկացնող մի շարք փաստեր ու մանրամասներ: Ամերիկացի դատախազները պնդում են, թե ոսկու առևտրով զբաղվող գործարարը տարիներ առաջ մի շարք բարձրաստիճան թուրք պաշտոնյաների օգնությամբ շրջանցել է Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն ու Թեհրանին փոխանցել միլիոնավոր դոլարներ: Ընդ որում, ըստ ամերիկացի դատախազների, մեծահարուստ գործարարը միայնակ չի գործել, նրան այս հարցում օգնել են Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանն ու թուրքական պետական «Հալք» բանկի կառավարիչ Սուլեյման Ասլանը, իրադարձություններն էլ տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայի կառավարության ղեկին էր ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Այս գործը ոչ այլ ինչ է, եթե ոչ գյուլենականների կողմից կազմակերպված և ձախողված հեղաշրջման փորձի կրկնողություն, Թուրքիայի կառավարությանը տապալելու փորձ՝ այս անգամ, սակայն, Միացյալ Նահանգների արդարադատության համակարգի միջոցով», - երեկ հայտարարեց փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Ավելին, թուրքական կառավարությունը պնդում է, թե քրեական այս գործով Վաշինգտոնը փորձում է ոչ միայն Էրդողանի կառավարությանը հարվածել, այլև թուլացնել Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում:

«Հստակ է, որ նրանց հիմնական նպատակն է վնասել Թուրքիայի տնտեսական հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանի ու այլ երկրների հետ: Գործում առկա ապացույցներից որևէ մեկն օրինական չէ, դուք չեք կարող անօրինական փաստաթղթերը որպես ապացույց օգտագործել», - պնդում էր Բոզդաղը:

Ավելի վաղ պաշտոնական Անկարան ու Թուրքիայի նախագահն անձամբ բազմիցս հորդորել էին Վաշինգտոնին ազատ արձակել Ռեզա Զարաբին, սակայն՝ ապարդյուն: Ակնկալվում է, որ հաջորդ երկուշաբթի արդեն գործը կմտնի նյույորքյան դատարան:

Հաջողության չհասնելով Զարաբին ազատելու հարցում՝ Անկարան ոչ միայն հրապարակավ քննադատում է, այլև իրավական քայլեր է ձեռնարկում Միացյալ Նահանգների դեմ: Անցած շաբաթավերջին, մասնավորապես, հաղորդվեց, որ թուրք դատախազները քրեական քննություն են սկսել ամերիկացի գործընկերների դեմ՝ մեղադրելով նրանց կեղծ քրեական գործ հարուցելու և շինծու մեղադրանքներ ներկայացնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG