Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Այդ մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

Հիշեցնենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը բանավեճերի պատճառ դարձավ։ Համաձայն օրենքի, որը Ազգային ժողովը նոյեմբերի 15-ի առավոտյան ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Օրինագծին դեմ արտահայտվող ուսանողները պնդում են, որ օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։ Նրանք դասադուլ հայտարարեցին, մի քանի օր անց էլ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգը հացադուլ սկսեցին Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի լասարաններից մեկում։

Օրենքի ընդունումից քիչ անց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպելուց հետո ուսանողները հայտարարեցին, որ դադարեցնում են հացադուլն ու դասադուլը և անցնում կլոր սեղան ձևաչափով քննարկումների։

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում կառավարության և խորհրդարանի հինգ ներկայացուցիչների հետ ավելի քան չորս ժամ տևած քննարկում-բանավեճից հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ «տարկետում լինելու է» սկզբունքն արդեն դառնում է իրականություն, խնդիրն այն է, թե տարկետման քանի տեղ և ինչ սկզբունքով կտրամադրվի:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ փոխանցեց, որ պայմանավորվել են՝ առաջիկայում Պաշտպանության նախարարությանը կից աշխատանքային խումբ կտեղծվի, որտեղ ուսանողների մասնակցությամբ կքննարկվեն բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացվեցին քննարկման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG