Մատչելիության հղումներ

Մեկնարկեց կլոր սեղան-քննարկումը զինծառայության մասին օրենքի շուրջ


Կլոր սեղան-քննարկման մասնակիցները հարգում են զոհված զինծառայողների հիշատակը

Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց կլոր սեղան-քննարկումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ:

Բանավեճին, որ վարում է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մասնակցում են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հինգ ներկայացուցիչ և կառավարության ու Ազգային ժողովի հինգ ներկայացուցիչ:

Իշխանությունը քննարկմանը ներկայացնում են պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։

Հանդիպման մեկնարկին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ երեկոյան զոհված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երեք զինծառայողների հիշատակը:

Հիշեցնենք, օրինագծին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրեցին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի, որը Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առավոտյան ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG