Մատչելիության հղումներ

«Տարկետում լինելու է» սկզբունքն արդեն դառնում է իրականություն». Դավիթ Պետրոսյան


Ազգային ժողովում, կառավարության և խորհրդարանի հինգ ներկայացուցիչների հետ, ավելի քան չորս ժամ տևած քննարկում-բանավեճից հետո, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց ՝ «տարկետում լինելու է» սկզբունքն արդեն դառնում է իրականություն, խնդիրն այն է, թե տարկետման քանի տեղ և ինչ սկզբունքով կտրամադրվի:

«Մենք ունենք երկու խնդիր, առաջինը՝ տարկետման տեղերի պահպանումն էր, որը պետք է ապահովեր կրթության անընդհատության սկզբունքը՝ թե՛ բակալավրիատի, թե՛ մագիստրատուրայի, թե՛ ասպիրանտուրայի ուսանողների համար, այդ մեր առաջին առաջարկի հետ կապված կա արդեն համաձայնություն, մնում է պարզեցվեն չափանիշները, հայտանիշները։ Այսինքն՝ «տարկետում լինելու է» մեր սկզբունքը, որը դրված էր նախաձեռնության հիմքում, այդ սկզբունքն արդեն դառնում է իրականություն։ Այստեղ խնդիրն արդեն կայանում է նրանում՝ որքան տեղ, ինչ չափանիշներ, հայտանիշներ կորոշվեն»։

Հարցին, թե որտեղից այդ համոզո՞ւմը, որ «տարկետում լինելուն է» սկզբունքն իրականություն է դառնում, և ինչպե՞ս է այն իրականություն դառնալու, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց. - «Ուղիղ եթերի ժամանակ մենք փորձեցինք հնարավորինս ցույց տալ մեր առաջին առաջարկը, որը հենց ենթադրում էր, որ առաջնահերթությունները որոշելով Կրթության և գիտության նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ հաստատելու են տարկետման տեղեր։ Եթե այն ժամանակ այդ տարկետումները վերացվելու էին՝ հին օրենքով, այժմ, կառավարության որոշմամբ, պետք է որոշվեն ինչ տեղերի համար, ինչ քանակով պետք է տարկետումներ լինեն։ Դրա համար մենք ասում ենք՝ «տարկետում լինելու է»։ Եվ նշվեց՝ օրենքը, որ ընդունվել է, կան շատ կետեր, որոնք դեռ պետք է հստակեցվեն, այս հստակեցումն իրենից ենթադրելու է արդեն, որ տարկետման տեղերը ոչ թե վերացվելու են, այլ տարկետման տեղերի ուղղակի կարգը պետք է փոխվի՝ քանակը և ում է տրվում և ինչպես։

Ճշտող հարցին, թե ունե՞ն կոնկրետ առաջարկներ, թե քանի տեղ պետք է հատկացվի, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամը պատասխանեց. - «Իհարկե, սրա հետ կապված պետք է էլի քննարկվի, քանի որ մենք այստեղ ներկայացրել ենք առաջարկ մի շարք չափանիշների, հայտանիշների հետ կապված, բայց սա ավելի մասնագիտական քննարկման արդյունք պետք է լինի։ Բոլոր գիտնականները, ովքեր ստորագրել են այս ամեն ինչ տակ, նրանց հետ մենք կփորձենք հասկանալ, թե որ ոլորտի համար, ինչ քանակի տեղեր կան, և սա իհարկե պետք է համաձայնեցվի մյուս կողմի հետ, որպեսզի այդ ամեն ինչը լինի ավելի իրատեսական»։

Նշենք, որ այսօրվա քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հանդես եկան երկու առաջարկով, առաջինը՝ կառավարությունը պետք է մշակի տարկետման իրավունքի տրամադրման այնպիսի ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ուսանողներին՝ տարկետման իրավունք ստանալով, ապահովել ուսումնառության անընդհատությունը, ապահովել գիտության և կրթության զարգացումը և բացառել կոռուպցիոն երևույթները:

Բացի այդ, նախաձեռնության անդամներն առաջարկեցին «Պատիվ ունեմ» և « Ես եմ» ծրագրերին զուգահեռ ծառայության մի նոր տեսակ, որը հնարավորություն կտա բակալավրիատում ուսմնառության չորս տարիների ընթացքում, ընդհատումներով ծառայել մեկուկես տարի, իսկ մյուս կես տարին ծառայել մագիստրատուրայի ընթացքում։

Քննարկմանը մասնակցող ուսանողներից Դավիթ Պետրոսյանի պնդմամբ, ծառայության այս տեսակը կապահովի երկու կարևոր սկզբունքի՝ կրթության անընդհատության, ինչպես նաև «բանակում պետք է ծառայեն բոլորը» սկզբունքի իրականացում:

Ուսանողներ-իշխանության ներկայացուցիչներ կլոր սեղան-քննարկում, 22-ը նոյեմբերի, 2017թ.
Ուսանողներ-իշխանության ներկայացուցիչներ կլոր սեղան-քննարկում, 22-ը նոյեմբերի, 2017թ.

Քննարկման ընթացքում Դավիթ Պետրոսյանը նաև շեշտեց՝ «Պատիվ ունեմ» ծրագրից կարողանալու են օգտվել սահմանափակ թվով երիտասարդներ, այսինքն՝ պայմանգիր կնքելով Պաշտպանության նախարարության հետ, և չորս տարի սովորելուց հետո գնալ բանակ և երեք տարի ծառայել: Իսկ իրենց առաջարկած ծրագիրն ավելի մեծ թվով երիտասարդների հնարավորություն կտա և՛ ուսում ստանալ, և՛ զուգահեռ բանակում ծառայել:

«Սկզբունքի նպատակը կայանում է նրանում, որ ոչ թե բուհը տանել բանակ, այլ բանակը բերել բուհ, որպեսզի կրթության անընդհատության սկզբունքը պահպանելով նաև արական սեռի ավելի շատ ներկայացուցիչներ անցնեն զինվորական ծառայություն, բայց այնպես, որպեսզի դա չխաթարի իրենց կրթական, անձնական կյանքին և ամենակարևորը՝ հիմնված լինի իրենց ընտրության վրա», - ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ լինելու են սկզբունքային և մինչև վերջ պնդելու են, որ երկու առաջարկն էլ կառավարության որոշումներով և ենթաօրենսդրական ակտերով իրականություն դառնան։

«Նշվեց նաև, եթե այնպիսի իրավիճակ ստացվի, սա հիմնականում վերաբերում է երկրորդ առաջարկին, եթե ենթաօրենսդրական ակտով որոշում հնարավոր չլինի կայացնել, հնարավոր է նաև իրականացնել օրենքի մեջ փոփոխություն», - ասաց Պետրոսյանը։

Չնայած, որ նախաձեռնության այս առաջարկը դեռ պետք է քննարկվի, սակայն բանավեճի ընթացքում պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ուսանողների այս առաջարկը մտահոգիչ համարելով ասաց՝ զինվորական ծառայության նոր տեսակ է առաջարկվում, որն առկա է միայն անվտանգության առումով խնդիրներ չունեցող Շվեյցարիայում:

Արտակ Զաքարյան, արխիվ
Արտակ Զաքարյան, արխիվ

«Այսինքն՝ անհատական գրաֆիկով ծառայություն անցկացնել և զուգահեռ նաև այս գործերով զբաղվել, այդ նույն կեպ գյուղատնտեսը կարող է ասել՝ «ես ի՞նչ պակաս գործ եմ անում, որ, ես էլ ֆերմերային տնտեսություն են զարգացնում, ձմեռը մի քիչ ժամանակ ունեմ, եկեք գամ ձմեռը ես ձեզ համար ծառայեմ»։ Այսինքն՝ մենք ընդհանուր սկզբունքը կփոխենք և դրանով շատ մեծ վտանգի տակ կդնենք շատուշատ կարևոր խնդիրներ», - ասաց Զաքարյանը։

Չորս ժամ տևած քննարկման ավարտին կլոր սեղանը վարող Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց՝ երջանիկ է, քանի որ նախատեսել էին առարկայական, կառուցողական քննարկում՝ առանց անձնական վիրավորանքների, ինչը ստացվեց։ Ըստ Շարմազանովի, հաջողվեց նաև մոտեցնել կողմերի դիրքորոշումները:

ՀՀԿ խոսնակի փոխանցմամբ, պայմանավորվել են՝ առաջիկայում Պաշտպանության նախարարությանը կից աշխատանքային խումբ կտեղծվի, որտեղ ուսանողների մասնակցությամբ կքննարկվեն բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացվեցին այսօրվա քննարկման ժամանակ:

«Նաև երջանիկ եմ, որովհետև այն, ինչ-որ նախատեսել էի ես՝ իմ մտքում, կարծում եմ նաև Դավիթենք, ստացվեց։ Մենք առաջարկել ենք ստեղծել աշխատանքային խումբ, բայց մինչև աշխատանքային խմբի ստեղծելը, երկու շաբաթ ժամանակ ենք վերցրել, որպեսզի մեր հարգելի ուսանողներն իրենց բոլոր առաջարկությունները փաստաթղթավորված ներկայացնեն Պաշտպանության և Կրթության ու գիտության նախարարություններին», - ասաց Շարմազանովը։

Այսպիսով՝ ինչպես արձանագրեց Ազգային ժողովի փոխնախագահը, գնդակը կառավարությանը դաշտում է: Խնդիրները պետք է կարգավորվեն կառավարության որոշումներով և ենթաօրենսդրական ակտերով: Եվ Ազգային ժողովն արդեն դե յուրե անելիք չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG