Մատչելիության հղումներ

Անհրաժեշտ է խորացնել Հայաստանի և Բելառուսի համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում. Անդրեյ Ռավկով


Հայաստանի և Բելառուսի գործակցությունը պաշտպանական ոլորտում կայացման փուլից անցում է կատարում երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության փուլ։ Այդ մասին այսօր հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը՝ Բելառուսի պաշտպանության նախարարությունում ընդունելով Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը։

Ռավկովի համոզմամբ, երկու պետությունների գործակցության դրական արդյունքները տեսանելի են մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային։ Ըստ նրա, անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում։

Նման այցերն, ըստ Բելառուսի պաշտպանության նախարարի, հրաշալի առիթ են պաշտպանական ոլորտում կուտակած փորձի փոխանակման և ապագային միտված ծրագրեր կազմելու համար։

Վիգեն Սարգսյանն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն։ ՀԱՊԿ շրջանակում երկու դաշնակից երկրները փոխադարձ պարտավորություններ ունեն, ինչի դրսևորումը «կառույցի անդամ երկրներից մեկի համար սպառնալիքի դեպքում կառույցի բոլոր անդամների համար սպառնալիքի» սկզբունքի ամրագրումն է։

Վիգեն Սարգսյանը, որպես ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ գործակցության վառ վկայություն, գոհունակությամբ նշել է կառույցի ձևաչափով Հայաստանում կայացած վերջին լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց ակտիվ մասնակցություն ունեցան նաև Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումները։

Հայաստանի պաշտպանության նախարարը բելառուս գործընկերներին պատմել է Հայաստանի բանակաշինության ներկա փուլի մասին, ներկայացրել զինված ուժերում սկիզբ առած խոշորամասշտաբ բարեփոխումները, զինծառայությանն առնչվող օրենսդրական վերջին նախաձեռնություններն ու «Ազգ-բանակ» հայեցակարգը։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաև՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2018 թվականի ծրագիրը»։

Այնուհետև հայկական պատվիրակությունն այցելել է Մինսկի Հաղթանակի հրապարակ, որտեղ Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հաղթանակի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG