Մատչելիության հղումներ

Լսումներ խորհրդարանում՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ


Ազգային ժողովի շենքը Երևանում

Ազգային ժողովում մեկնարկել են լսումներ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ։

«Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մինչ լսումների մեկնարկն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Հայաստանն այդ միությունում, ըստ էության, անելիք չունի։

«Ինչպես գիտեք, մենք կազմակերպել ենք Ազգային ժողովում լսումներ՝ հանրային լսումներ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախագծի մասին և, ինչպես գիտեք, մեր՝ հանձնաժողով ստեղծելու նախագիծն արդեն մերժվել էր, և սա մայր նախագիծն է, սա Ազգային ժողովի հայտարարության տեքստն է, որը որ մենք առաջարկում ենք, որ Ազգային ժողովը, որպես երկրի քաղաքական թիվ մեկ մարմին, քաղաքական կամք արտահայտի ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով. - «Մեր փաստարկները նախագծով ներկայացված են, հավելյալ փաստարկներ նույնպես կներկայացվեն»։

Էդմոն Մարուքյան, արխիվ
Էդմոն Մարուքյան, արխիվ

Ըստ «Ելք» խմբակցության պատգամավորի, լսումները յուրահատուկ հարթակ կհանդիսանան, որտեղ հանրային տարբեր շրջանների ներկայացուցիչներ, փորձագետներ նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը կներկայացնեն։

«Յուրահատուկ պլատֆորմ ենք ցանկանում ներկայացնել և ձևավորել լսումների միջոցով, որ հանրային տարբեր շրջանների ներկայացուցչներ, փորձագետներ ներկայանան և իրենց կարծիքն արտահայտեն, որովհետև մենք պատգամավորներով, բնականաբար, մեր քննարկումը կունենանք Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Բայց սա ավելի շատ հանրային քննարկման հարթակ եմ ես համարում։ Տարբեր փորձագետներ են գրանցվել՝ թե՛ կողմ, թե՛ դեմ իրենց ելույթներով և փաստարկներով հանդես գալու համար», - ասաց Մարուքյանը։

Անդրադառնալով ուրբաթ օրը ստորագրված Հայաստան - Եվրամիություն համաձայնագրին՝ «Ելք»-ի պատգամավորն ասաց. - «Ես կարծում եմ, որ դա փոխել է իրավիճակն այնքանով, որ հանձնաժողովի քննարկման ժամանակ ասվում էր՝ «այ դուք այդ նախաձեռնությամբ հնարավոր է խանգարեք ստորագրման պրոցեսին», հիմա այդ փաստարկն այլևս, բնականաբար, գոյություն չունի։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ապա ստորագրեինք-չստորագրեինք այս համաձայնագիրը, մենք մնում ենք այն կարծիքին, որ ԵԱՏՄ-ից պետք է Հայաստանը դուրս գա և զարգացման ուղին բռնի, որովհետև մենք սահմանափակված ենք ԵԱՏՄ համաձայնագրով. ԵԱՏՄ տարածքը սանկցիաների տակ է, որի պատճառով Հայաստանի Հանրապետությունն է տուժում, և անգամ ԵԱՏՄ-ի համաձայնագրի երաշխիքներն ու դրույթները չեն գործում ԵԱՏՄ տարածքում։ Այսինքն՝ դա մի միություն է, որտեղ մենք, ըստ էության, անելիք չունենք և դա Հայաստանի տնտեսությունը զարգացնելու որևէ հնարավորություն չունի»։

Նշենք, որ ըստ «Ելք»-ի հայտարարության կետերից մեկի, «ԵԱՏՄ անդամ պետությունները չեն նպաստում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով վերջինիս բանակի տեխնիկայի և հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85 տոկոսից ավելին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG