Մատչելիության հղումներ

Հարիրին վերադարձավ Լիբանան և դեռ կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետ


Լիբանան - Վարչապետ Սաադ Հարիրին ելույթ է ունենում նախագահական նստավայրում՝ Բեյրութի Բաադբա արվարձանում, 22-ը նոյեմբերի, 2017թ․
Լիբանան - Վարչապետ Սաադ Հարիրին ելույթ է ունենում նախագահական նստավայրում՝ Բեյրութի Բաադբա արվարձանում, 22-ը նոյեմբերի, 2017թ․

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, չնայած նոյեմբերի 4-ին ներկայացրած հրաժարականին, կշարունակի պաշտոնավարել մինչև ներքաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը: Այս մասին Հարիրին հայտարարեց երեկ` 18-օրյա բացակայությունից հետո Բեյրութ վերադառնալուց և նախագահ Միշել Աունին հանդիպելուց հետո:

«Այսօր ես իմ հրաժարականն եմ ներկայացրել երկրի նախագահին: Նա ինձ սակայն խնդրեց առժամանակ սպասել, մինչև այդ հրաժարականի պատճառների և երկրում տիրող քաղաքական իրադրության վերաբերյալ հավելյալ խորհրդակցություններ անցկացվեն», - ասում էր Հարիրին:

Հիշեցնենք, Սաադ Հարիրին հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 4-ին` Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում: Որպես այդ քայլի դրդապատճառ նա մատնանշում էր Իրանի ապակառուցողական գործողությունները Մերձավոր Արևելքում և Լիբանանում Թեհրանի թիվ մեկ դաշնակից համարվող «Հըզբոլա» շարժման ազդեցության աճը: Լիբանանի քաղաքական ուժերը, սակայն, վստահ էին, որ Հարիրին հրաժարականի դիմում էր ներկայացրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների ճնշման ներքո: Մոտ տասն օր Հարիրին Էր-Ռիյադում էր: Սաուդյան Արաբիայի տարածքից նա կարողացավ հեռանալ միայն Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի անձնական միջամտությունից հետո:

Բեյրութում հնչեցրած առաջին իսկ հայտարարության մեջ Սաադ Հարիրին նշում է, որ պատրաստ է համագործակցել երկրում առկա քաղաքական ողջ սպեկտրի հետ:

«Ես ակնկալում եմ, որ մենք կհամագործակցենք քաղաքական բոլոր ուժերի հետ` Լիբանանի շահերը վեր դասելով ամեն ինչից», - նշում էր երկրի վարչապետը:

Հայրենիք վերադառնալուց մի քանի ժամ անց արդեն Հարիրին նախագահ Միշել Աունի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ միասին հետևում էր Լիբանանի անկախության օրվան նվիրված ռազմական շքերթին: Անկախության օրվա առթիվ հեռարձակած ուղերձում էլ Լիբանանի նախագահը հայտարարում է, որ երկրի անվտանգության հիմքը տարածաշրջանային հակամարտություններում` նախևառաջ Սիրիայում չեզոքության պահպանումն է:

«Լիբանանը իրեն հեռու էր պահում տարածաշրջանում ծավալված հակամարտություններից, բայց այդ հակամարտություններում ներգրավված ուժերը, ցավոք սրտի, Լիբանանից հեռու չեն մնում: Սիրիական պատերազմի մեկնարկից հետո ահաբեկչական խմբավորումները սկսեցին ներթափանցման փորձեր կատարել մեր արևելյան սահմանի երկայնքով», - հայտարարում էր Աունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG