Մատչելիության հղումներ

Սաադ Հարիրի․ Լիբանանին պատժամիջոցներ են սպառնում


Սաադ Հարիրին ելույթ է ունենում Future TV-ով, Էր-Ռիյադ, 12-ը նոյեմբերի, 2017թ․

Սաուդյան Արաբիայում գտնվող Լիբանանի վարչապետը մտադիր է մի քանի օրից հայրենիք վերադառնալ: Այս մասին Սաադ Հարիրին հայտարարել է իր ընտանիքին պատկանող Future TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հարիրին վարչապետի պաշտոնից անսպասելի հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 4-ին` Սաուդյան Արաբիա այցի ընթացքում: Հրաժարականի իր ճառում նա մեղադրել էր Իրանի աջակցությունը վայելով «Հըզբոլա» շարժմանը և Թեհրանին՝ իր դեմ թշնամական քաղաքականություն որդեգրելու մեջ:

Իրանն ու «Հըզբոլա»-ն, իրենց հերթին, Սաուդյան Արաբիային մեղադրել են Հարիրիին գերեվարելու մեջ: Երեկ լրագրող Փոլա Յագուբյանին տված հարցազրույցում Սաադ Հարիրին, հրաժարականից հետո առաջին անգամ ելույթ ունենալով, հերքել է այդ պնդումները՝ հավաստիացնելով, որ թագավորությունում, որտեղ ծնվել և երկար տարիներ ապրել է, իր տեղաշարժը որևէ կերպ սահմանափակված չէ: Ավելին, նա վստահեցրել է, թե Սաուդյան Արաբիայի թագավորը իրեն որդու պես է ընդունում, իսկ ինքը, իր հերթին, մեծ հարգանքով է վերաբերվում թագաժառանգ Մոհամեդ ալ-Սալմանին:

«Թագավորությունում ես միանգամայն ազատ եմ և ցանկության դեպքում վաղը կարող եմ Լիբանան վերադառնալ: Սակայն այստեղ ես ընտանիք ունեմ և պետք է պաշտպանեմ նրանց», - հայտարարել է Հարիրին՝ հերքելով պնդումները, թե ինքը Էր-Ռիյադում է իր կամքին հակառակ՝ պատանդի կարգավիճակում:

Reuters լրատվական գործակալության տվյալներով, երբ նոյեմբերի 3-ին Սաադ Հարիրին պաշտոնական այցով ժամանել էր Էր-Ռիյադ, նրան օդանավակայանում պաշտոնյաներից ոչ ոք չի դիմավորել: «Լիբանանի վարչապետից վերցրել են հեռախոսը, իսկ հաջորդ օրը թագավոր Սալմանի հետ ունեցած զրույցից հետո՝ թագավորությանը պատկանող հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է իր հրաժարականի մասին», որը, ինչպես երեկ մեկնաբանում էր Հարիրին, նախազգուշացում է Իրանի «միջամտության» մասին: Նրա խոսքով՝ պաշտոնական Թեհրանը, խառնվելով Լիբանանի ներքին կյանքին, հարվածում է արաբական երկրների հետ Բեյրութի հարաբերություններին, ինչն էլ, ի վերջո, կհանգեցնի Պարսից ծոցի երկրների կողմից Լիբանանի նկատմամբ պատժամիջոցների:

«Լիբանանը փոքր երկիր է և պետք է վարի չմիավորման քաղաքականություն: Իսկ Սաուդյան Արաբիան, որը միշտ բարին է ցանկացել Լիբանանին, ընդգծում է այդպիսի քաղաքականության կարևորությունը: Ի՞նչ կկատարվի Պարսից ծոցի 400 հազար լիբանանցիների հետ, եթե մենք անցնենք ինչ-որ մեկի կողմը», - հռետորական հարց է հնչեցրել Հարիրին:

Ընդգծելով, որ դեմ չէ շիաների «Հըզբոլա» շարժմանը, նա, միաժամանակ, կարծիք է հայտնել, որ այդ կազմակերպությունը պետք է վերջ տա միջամտություններին Եմենում, Բահրեյնում և այլուր, քանի որ շարունակելու դեպքում արաբական երկրները Լիբանանին կենթարկեն պատժամիջոցների:

Անցյալ տարվա դեկտեմբերին լիբանանյան կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնած և Իրանի աջակցությունը վայելող ու երկրի ամենաազդեցիկ ուժերից համարվող «Հըզբոլա» շարժման հետ կոալիցիա կազմած Հարիրին ֆորմալ առումով շարունակում է երկրի վարչապետը մնալ, քանի որ նախագահ Միշել Աունը չի ընդունել նրա հրաժարականը՝ հայտարարելով, թե այն կընդունի միայն Հարիրիի հետ հանդիպումից հետո:

2005 թվականին սպանված Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին՝ Սաադ Հարիրին երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2009-11 թվականներին և կրկին վերադարձել է այդ պաշտոնին՝ շուրջ երկուսուկես տարվա քաղաքական ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանին խոստանալով նոր դարաշրջան: Տարածաշրջանի փորձագետները մտավախություն ունեն, որ Հարիրիի հրաժարականը նոր ցնցումներ կստեղծի Լիբանանում, որը հաճախ է վերածվել տարածաշրջանի երկրների առճակատման հարթակի:

Լիբանանի նախագահը, ողջունելով վերադառնալու մասին Հարիրիի հավաստիացումները, հայտարարել է, թե, այդուհանդերձ, նրա վիճակի հետ կապված անորոշությունը պահպանվում է, իսկ Էր-Ռիյադից հնչող նրա հայտարարությունները չեն կարող հիմնավոր լինել և վստահություն ներշնչել՝ հերթական անգամ ակնարկելով, որ վարչապետը Էր-Ռիյադի ճնշումների տակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG