Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը արդարացման դատավճիռ է պահանջում


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի փաստաբանը այսօր հանդես գալով պաշտպանական ճառով, պնդեց, թե Բաբայանն անմեղ է․ - «Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքը անհիմն է: Պետք է կայացվի արդարացման դատավճիռ՝ հանցակազմի բացակայության պատճառով»:

Փաստաբան Ավետիս Քալաշյանը նորից ներկայացրեց դատարանում հնչած վարկածը, որ Բաբայանը «Իգլա»-ի մասին իմացել է մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանից ու ընդամենը խորհուրդ տվել տանել և Ղարաբաղի գյուղերից մեկում թաղել, տեղն էլ հայտնել զինվորականներին՝ գուցե բանակին պետք գա․ - «Իրենց այդ զրույցից հետո թե Սանասարը ինչպես է վարվել, ինքը տեղյակ չի: Ինչպես նաև տեղյակ չի, թե Սանասարը երբ, որտեղից կամ ումից, ինչ հանգամանքներում է ձեռք բերել: Սանասարի հետ դրա ձեռք բերման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի ունեցել, դրա ձեռք բերման համար որևէ գումար չի տվել և չի էլ պատրաստվել տալ: Այդ «Իգլա»-ին ինքը միայն առնչվել է այնքանով, որ նայել է դրա լուսանկարը և իր կարծիքը հայտնել Սանասարին, թե դա այդ վիճակում իրենից ինչ է ներկայացնում»:

Նախորդ նիստին մեղադրող դատախազը պահանջեց 7 տարվա ազատազրկման դատապարտել Սամվել Բաբայանին՝ ամբողջովին ապացուցված համարելով նրա մեղքը:

Նախորդ նիստին դատախազ Արամ Արամյանը տարակուսանք էր հայտնել, որ Սամվել Բաբայանը «տրուբա» է անվանում «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը՝ ասելով․ - «Զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակը՝ զենիթային հրթիռով, հանդիսանում է ռազմամթերք: Հրթիռը պիտանի է մարտական կիրառման համար, և նույնիսկ դրա պահպանման և տեղափոխման կանոնների չնչին խախտումը կարող է հանգեցնել պայթյունի: Առնվազն անհասկանալի է այն հանգամանքը, թե ինչպես պաշտպանության բնագավառում ծառայած, տարիներ շարունակ Պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցրած անձը չի կարող տարբերակել զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակն ու առավել ևս հրթիռը անպիտան տրուբայից»:

Փաստաբան Ավետիս Քալաշյանը այսօր հակադարձեց դատախազ Արամին․ - «Սամվել Բաբայանը սխալ բան չի ասել: Այլ հարց է, թե դա ոնց ա մեկնաբանվում: Դրանք արձակման մեխանիզմով և սնուցման մարտկոցով համալրելու դեպքում միայն կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան: Բաբայանը «տրուբա» ասելով ի նկատի չի ունեցել, ասենք վառարանի տրուբա»:

Փաստաբանը մեղադրող դատախազին հորդորեց չմոռանալ, թե ով է Սամվել Բաբայանը․ - «Եթե Սամվել Բաբայանը այսօրվա դրությամբ նստած է ամբաստանյալի աթոռին, դա ամենևին չի նշանակում, որ կարելի է մոռացության մատնել նրա անձը: Իսկ ով մոռացել ա, հիշացնեմ՝ Սամվել Բաբայանը էն անձն ա, որը անուրանալի ծառայություններ է մատուցել հայրենիքին, էն անձն ա, որը իր ահռելի մեծ ներդրում ա ունեցել Արցախի բանակի կազմավորման և կայացման գործում: Ի վերջո մենք գործ ունենք հերոսի հետ, հարգելի դատարան: Մի քիչ հարգանք պետք ա տածենք: Ի՞նչ ա նշանակում՝ չի կարում տարբերի տրուբան զենքից»:

Ներկոտված եվրոների վերաբերյալ փաստաբանն ասաց, թե Բաբայանը Ռուսաստանում ապրող ընկերոջից պարտքն է ստացել և չէր կարող իմանալ փողի ծագման աղբյուրը․ - «Մեղադրանքում տեղ գտած այն ձևակերպումը, որ Սամվել Բաբայանը իմացել է, որ Ռուսաստանում բնակվող իր մտերիմ Տիգրան Հովհաննիսյանի՝ քննությամբ դեեռևս չպարզված ծանոթները հնարավորություն ունեն տրամադրելու ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գումարների խմբաքանակ, գործով որևէ տվյալով չի հաստատվել»:

Պաշտպանական կողմը պնդում է, թե «Իգլա»-ի և ներկոտված եվրոների մեղադրանքները հիմնված են ենթադրությունների վրա, ապացույցներ չկան, ցուցմունքներ Բաբայանի դեմ ևս չեն հնչել:

Այդուհանդերձ Բաբայանի քաղաքական գործունեության, մասնավորապես՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին աջակցելու հետ փաստաբանը գործը չկապեց: Բաբայանը նույնպես քաղաքական հայտարարություններ դատարանում չի արել՝ միայն նշելով, որ խնդիր է դրված եղել իրեն ազատազրկել:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը վերջին խոսքով է հանդես գալու:

XS
SM
MD
LG