Մատչելիության հղումներ

ԼՂ պաշտպանության նախկին նախարարը պնդում է՝ որևէ հանցավոր արարք չի կատարել և մեղավոր չէ: Նա, սակայն, չի հստակեցնում՝ այդ դեպքում ու՞մ է ձեռնտու իր ազատազրկումը և արդյո՞ք իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարն այսօր դատարանում ցուցմունք տվեց, հայտարարելով, թե «Իգլա»-ի մասին իմացել է այս գործով մեղադրյալ իր մարտական ընկերոջից՝ Սանասար Գաբրիելյանից: Նա պլանշետով Բաբայանին ցույց է տվել զենիթահրիթռային համակարգի լուսանկարները: «Որ ինձանից հարցնում ա, ես բացատրություն եմ տալիս, որ բացակայում ա գլխավոր մասնիկը, որը որ ամբողջ համակարգն աշխատացնում ա: Նա ինձ հարց ա ուղղում՝ կարո՞ղ ա սա բանակին պետք գա: Ես իմ կարծիքն ասում եմ՝ կարող ա, բայց էս վիճակում չի կարելի պահել: Կարաս դնես մի յաշիկի մեջ, շորով փաթաթես, տանես դնես էսինչ տեղը»,- դատարանում ասաց ԼՂ պաշտպանության նախկին նախարարը:

Նա, մասնավորապես, խորհուրդ է տվել զենքը թաքցնել հողի տակ՝ Լեռնային Ղարաբաղի Նարիշտար գյուղում, քանի որ Սանասար Գաբրիելյանն այդ տեղանքը գիտի, տարածքում բարեկամներ ունի․ «Եվ դրանից հետո մի հատ թևավորի, այսինքն՝ աֆիցերի կասես՝ կգա կվերցնի, կտանի կհանձնի, որովհետև եթե դա քո ձեռքին բռնեն, կարան քրեական գործ հարուցեն: Էսքանը ես իրան բացատրում եմ, մարդն իմ մոտից դուրս ա գալիս, գնում: Որևէ այլ դեպքի հետ ես կապ չունեմ»:

Այնինչ, ըստ մեղադրանքի, Բաբայանն ինքն է դրդել Սանասար Գաբրիելյանին ու մյուսներին՝ ձեռք բերել «Իգլա»-ն: «Ճիշտ հակառակը, ես դրդել եմ, էդ գործարքը չի կայացել, հեռացել են էդ մարդիկ էդ գործից: Ես ուզում եմ հասկանամ՝ ուրիշ ի՞նչ փաստարկ կա, որ ես մեղավոր եմ: Իմ խոսակցությունից հետո մարդը հրաժարվել ա էդ քայլից: Սա զեզ բավարար չի՞: Թե՞ դուք փորձում եք մի տառ ճարեք մի տեղից, դնեք կողքը, որ ի՞նչ անեք»,- այսօր դատարանում ասաց Բաբայանը:

Մեղադրող Դատախազը Բաբայանից հետաքրքրվեց՝ ինչու՞ է Գաբրիելյանը զենքը հենց իրեն ցույց տվել: Սամվել Բաբայանը պատասխանեց․ «Ինձ մոտ ծառայել ա, շատ ջերմ հարաբերություններ ունենք, եթե ոչ ինձ, բա ու՞մ մոտ գնար: Եթե ձեզ մոտ բերեր, դուք կիմանայի՞ք էդ ինչ ա: 9 տարի Ղարաբաղի պաշտպանության նախարար եմ եղել: Ոչ միայն տեսել եմ, նաև օգտագործել եմ: Որևէ մեկը Հայաստանում չի կարա ավել իմանա, քան ես»:

Ըստ գաղտնալսումների, Սամվել Բաբայանն ու Սանասար Գաբրիելյանը փողի մասին խոսակցություններ են ունեցել: Բաբայանն այսօր ասաց՝ բիզնեսի հարցեր էին և «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի նախընտրական ծախսերի հետ կապված հարցեր: Պնդեց՝ չի հետաքրքրվել, թե որտեղից է այդ «Իգլա»-ն հայտնվել Գաբրիելյանի մոտ, փոխարենը դատարանում հայտարարեց, որ զենքն իրականում Վրաստանից չի բերվել՝ այլ չակերտներ չբացելով: «Ես չեմ գտնում, որ էդ հրթիռը, որն ստեղ բերել եք ցույց տվել, Վրաստանի Հանրապետությունից ա: Ես դա ձեզ ապացուցելու եմ՝ որտեղից ա, որ գարաժից ա և ումն ա եղել»,- միայն ասաց Բաբայանը:

Սանասար Գաբրիելյանը բարկացավ՝ որտե՞ղ է զենքը իրավապահներին հանձնած Դավիթ Մայիլյանը, ինչու՞ է ազատության մեջ իրենց դեմ ցուցմունք տալուց հետո․ «Զենքի տերը, ծախողն ու՞ր ա: Մեզ ես դրել դատում ես: Զենք ա ծախել, բռնեք հերն էլ անիծեք, էդ ու՞ր ա էդ զենք ծախողը: Էդ զենք առնողն ու՞ր ա: Հորթ ե՞նք, գռուզիտ եք անում: Ով բերել ա՝ բռնի դատի, խի՞ չես դատում: Ձերոնցից ա՞․․․»,- հարցեր հնչեցրեց Գաբրիելյանը:

Ներկոտված եվրոների մասին էլ Սամվել Բաբայանը պատմեց, թե Ռուսաստանից ընկերն է պարտքն ուղարկել: Ինքը չի իմացել, թե ինչու են թղթադրամները գունապատված: Ասում է՝ եթե գողացված է կամ կեղծ, ապա գտեք սկզբնաղբյուրը: Միաժամանակ, Բաբայանը հաստատեց՝ ինքն է այս գործով մեղադրյալ իր ընկերոջը՝ Կարեն Քոչարյանին տվել թղթադրամներից մի քանի օրինակ, որպեսզի նա գտնի քիմիկոսի, ով կմաքրեր եվրոները:

«Ես չհամոզվեցի, որ ներկանյութ ա, մաքրվում ա, բայց ես համոզվեցի, որ ամեն դեպքում բանկում կարամ փոխեմ: Կարող ա՝ կորցնեմ 25 տոկոս, բայց փոխոմ: Բերել էս գործին կապել ու դա շոու սարքել՝ այ, տեսեք՝ հանցագործներ են, հրթիռ ա, փող ա և այլն, մի քիչ ամոթ ա, բայց ինձ համար մեր օրենսդրական դաշտը պարզ ա: Քեզ էլ 6 ամիս հեռախոսդ լսեն, 100 հատ հոդված կդնեն վրեդ»,- ասաց Սամվել Բաբայանը:

Հարցաքննության ավարտին Բաբայանի պաշտպանը նորից միջնորդեց ԼՂ նախկին բարձրաստիճան զինվորականին ազատ արձակել ստորագրությամբ չհեռանալու կամ գրավի դիմաց: Ասաց՝ բոլոր վկաները, մեղադրյալները հարցաքննվել են, ապացույցները հետազոտվել, ցանկության դեպքում անգամ Բաբայանը չի կարող խոչընդոտել քննությանը: Դատարանը, սակայն, մոտ մեկ ժամ անցկացնելով խորհրդակցական սենյակում՝ մերժեց այդ միջնորդությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG