Մատչելիության հղումներ

Դատախազը պահանջում է 7 տարվա ազատազրկման դատապարտել Սամվել Բաբայանին


Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօր կայացած դատական նիստում մեղադրող դատախազը պահանջեց 7 տարվա ազատազրկման դատապարտել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարին:

Մեղադրական ճառում Արամ Արամյանը նշեց, թե Բաբայանին պետք է մեղավոր ճանաչել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գումար է ձեռք բերել:

Սամվել Բաբայանը, հիշեցնենք, ընդդիմադիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր էր և ձերբակալվել էր մարտի 22-ին, խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ:

Արամյանը դատարանից նաև պահանջեց մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անփոփոխ թողնել ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը։ Մեղադրական ճառում դատախազը նշեց, թե պաշտպանական կողմն անհաջող փորձեր է կատարում ստվերելու գործի քննությունը։

Ըստ նրա, օրինակ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «տրուբա» է անվանում «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը, սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ Վրաստանից փոխադրված «Իգլա»-ն իրականում հնարավոր է գործարկել․ - «Հրթիռը պիտանի է մարտական կիրառման համար, և նույնիսկ դրա պահպանման և տեղափոխման կանոնների չնչին խախտումը կարող է հանգեցնել պայթյունի: Փորձագետը հայտնեց նաև, որ եթե այն համալրված լիներ արձակման մեխանիզմով, ապա կհանդիսանար զենիթահրթիռային համալիրի մեկ ամբողջական միավոր: Առնվազն անհասկանալի է այն հանգամանքը, թե ինչպես պաշտպանության բնագավառում ծառայած, տարիներ շարունակ Պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցրած անձը չի կարող տարբերակել զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակն ու առավել ևս հրթիռը անպիտան տրուբայից»:

Մեղադրող դատախազը նաև նշեց, որ այս փորձաքննության արդյունքները պաշտպանական կողմը չի բողոքարկել։

Իսկ Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը պնդում է, որ նախկին նախարարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ դատարանում ներկայացված խողովակը ռազմամթերք չի համարում։

Քալաշյանն ասաց, որ մեղադրող դատախազի 7 տարվա պահանջին կհակադարձի հաջորդ երկուշաբթի՝ իր պաշտպանական ճառում։

Այս գործով առանցքային մեղադրյալներից է համարվում Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը։ Ըստ մեղադրանքի, նա Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» համալիրը։

Մի քանի նիստ առաջ Գաբրիելյանը հայտարարել էր, որ նախկին նախարարը կապ չունի այս նախաձեռնության հետ, և ինքն է ցանկացել ձեռք բերել «Իգլա» զինատեսակը՝ բանակին նվիրելու նպատակով:

Մեղադրող դատախազը Գաբրիելյանի համար 4 տարվա ազատազրկում պահանջեց․ - «Ամբաստանյալներ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտարկվում հանցագործությունների կատարման մեջ առանձնապես ակտիվ դերը»:

«Իգլայի» գործով մեղադրվող Արմեն Պողոսյանի համար դատախազը պահանջեց 3 տարվա ազատազրկում։

Մյուս 4 ամբաստանյալները արդեն անցնում են ներկոտված եվրոների գործով։ Ըստ մեղադրանքի, նրանք օժանդակել են Սամվել Բաբայանին, ով փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված, օրինական շրջնառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով:

Ամբաստանյալ Կարեն Քոչարյանի համար դատախազը պահանջեց 3 տարվա ազատազրկում, Դավիթ Հարությունյանի համար՝ 2 տարվա, իսկ Անդրանիկ Քոչարյանի և Ժորա Զաքարյանի համար դատախազն պահանջեց 2 տարվա ազատազրկում՝ առաջարկելով պայմանականորեն պատիժը չկիրառել, փոխարենը սահմանել 3 տարվա փորձաշրջան։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG