Մատչելիության հղումներ

Մամեդյարովը գոհ է Մինսկի խմբի համանախագահների հետ մոսկովյան հանդիպումից


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը գոհ է երեկ Մոսկվայում կայացած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից։

«Բանակցությունները կոնստրուկտիվ էին, առարկայական, կոնկրետ հարցեր են քննարկվել, որ վերաբերում են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Դետալներից չեմ խոսի, քանի որ որոշել ենք քննարկումները շարունակել Վիեննայում դեկտեմբերին», - APA գործակալությանը ասել է Մամեդյարովը։

Հիշեցնենք, երեկ համանախագահները հայտարարել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն դեկտեմբերին Վիեննայում։

Մամեդյարովի խոսքով, կան գաղափարներ, որոնց շուրջ համանախագահները պետք է մի քիչ աշխատեն՝ առաջ գնալու համար։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը այլ մանրամասներ այդ գաղափարների մասին չի հայտնել, միայն ասել է, որ դրանք այն գաղափարներն են, որոնք համանախագահները առաջ են քաշել դեռևս 2004 թվականին, այդ թվում նաև այն 6 առաջարկներն են, որոնք միջնորդները ներկայացրել են։

Այդուամենայնիվ, Մամեդյարովը թեև դրական է գնահատել երեկ Մոսկվայում կայացած իր բանակցությունները համանախագահների հետ, նա խոստովանել է, թե առանձնակի լավատեսություն չունի։

Մամեդյարովը նաև ասել է, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան և Հայաստան առաջիկա այցի շրջանակներում կայանալիք բանակցությունների օրակարգում հիմնականը ղարաբաղյան խնդրի կարգավորումն է։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հնարավորությանը, Մամեդյարովի խոսքով՝ այդ հարցը քննարկվելու է Վիեննայում կայանալիք նախարարների հանդիպմանը։

Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ դժգոհություն է հայտնել, որ բանակցությունները դանդաղ են առաջ գնում: «Ինչքա՞ն կարելի է արդարանալ, մեկ ասում են, որ «մեզ մոտ ընտրություններ են», մեկ ասում են, որ հարձակվել են ոստիկանության վրա ․․․ ստացվում է, որ բանակցությունները անվերջ են լինելու», - նշել է Մամեդյարովը։

Ինչպես արդեն հայտնի է, եկող շաբաթ՝ նոյեմբերի 19-21-ը Սերգեյ Լավրովը Բաքվում և Երևանում բանակցելու է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 15-ին ղարաբաղյան խնդիրը Մոսկվայում քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի նախագահները․ Ոչ Վլադիմիր Պուտինը, ոչ էլ Սերժ Սարգսյանը Ղարաբաղից հրապարակավ չեն խոսել, պաշտոնական հաղորդագրությունում, սակայն նշված է, որ հարցը քննարկվել է։

Ղարաբաղյան խնդրի կարգավորումը Պուտինը քննարկել էր նաև նոյեմբերի 13-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այսօր ադրեբջանական մամուլը, հղում անելով «Սթար» պարբերականին, գրել է, թե Էրդողանը բանակցություններից հետո տված հարցազրույցում ասել է, որ ղարաբաղյան խնդիրը քննարկել է Պուտինի հետ։ Էրդողանը հավելել է, թե այնպիսի տպավորություն ունի, որ Պուտինը թերահավատ է ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման հարցում, ինչը Թուրքիայի նախագահը կապում է հակամարտող կողմերի միջև առկա լուրջ տարաձայնությունների հետ։

Այդուամենայնիվ, Պուտինը եկող շաբաթ նորից հանդիպելու է Էրդողանի հետ․ Սոչիում նոյեմբերի 22-ին եռակողմ ձևաչափով հանդիպում է լինելու՝ մասնակցելու է նաև Իրանի նախագահը: Բանակցությունները նվիրված են լինելու սիրիական ճգնաժամի հետպատերազմյան կարգավորմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG