Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդները նոյեմբերի 22-ին Սոչիում կհանդիպեն Սիրիայի հարցով


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդները նոյեմբերի 22-ին հանդիպելու են Ռուսաստանի սևծովյան Սոչի քաղաքում՝ քննարկելու Սիրիայի հարցը:

CNN Turk-ը և Anadolu-ն, վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրները, հաղորդում են, որ ակնկալվում է երեք երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի մասնակցությունը հանդիպմանը:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ասել է, որ երեք երաշխավոր երկրները քննարկելու են Սիրիայում բռնությունների դադարեցման և անվտանգության գոտիների հետ կապված հարցերը, որոնք ձևավորվել են Աստանայի բանակցությունների արդյունքում:

Նա նշել է, որ կողմերը քննարկելու են նաև Սիրիային մարդասիրական օգնության տրամադրման, ինչպես նաև Ժնևի գործընթացը առաջ մղելու հնարավորությունները՝ ուղղված հակամարտության քաղաքական կարգավորմանը համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի:

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը Ստամբուլում լրագրողներին ասել է․ - «Մեր նախագահը շուտով նորից կլինի Ռուսաստանում»:

«Թուրքիայի հետ միասին Ռուսաստանի նախագահ Պուտինը և Իրանը կանդրադառնան Աստանայի բանակցություններին և Սիրիայում քաղաքական անցումային գործընթացին, նրանք կարևոր գնահատականներ կտան», - ասել է Թուրքիայի փոխվարչապետը:

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահը բոլորովին վերջերս՝ նոյեմբերի 13-ին Սոչիում հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: Լրագրողները Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովից հետաքրքրվել են, թե ինչու է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ նման հաճախակի հանդիպումների անհրաժեշտություն առաջացել, և նա պատասխանել է, թե դրանք տարբեր ձևաչափի հանդիպումներ են: «Հիմա խոսքը եռակողմ ձևաչափի մասին է, հենց այս երեք երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են հանդիսանում Սիրիայում անվտանգության, կայունության ապահովման և քաղաքական կարգավորման գործըթնացի երաշխավորները», - ասել է Պեսկովը:

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ երեք երկրների առաջնորդները Սոչիում քննարկելու են Սիրիայում իրավիճակի երկարատև նորմալացում ապահովելու հետագա քայլերը:

Հիշեցնենք՝ անցած տարեվերջին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայի հարցով բանակցություններ սկսեցին, որոնք անցկացվում են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Եկող ամիս Աստանայում կայանալու է բանակցությունների հերթական փուլը: Սա Ժնևի խաղաղ գործընթացին զուգահեռ սկսված նոր նախաձեռնություն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG