Մատչելիության հղումներ

Փոխնախարարը ընդունված օրենքը փոփոխելու անհրաժեշտություն չի տեսնում


Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ երեկ խորհրդարանի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն չկա․ - «Օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն չկա, որովհետև օրենքը սկզբունքներն է սահմանում: Այդ սկզբունքները սոցիալական արդարության, հավասարության և յուրաքանչյուրի պատասխանատվության մասին են ասում»:

Հիշեցնենք, երեկ օրենքի ընդունումից հետո, մոտ մեկ ժամ փակ դռների հետևում բանակցելով Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀԿ-Ի խոսնակ, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին հարցի շուրջ կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

Դրա նպատակը, ըստ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի, օրենքում փոփոխություններ կատարելն է։

Այսօր «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով փոխնախարար Զաքարյանի ասածը՝ Պետրոսյանը ասաց, որ նման հայտարարություններով իրենց փորձում են շեղել, մինչդեռ իրենք վստահ են՝ օրենքը այս տեսքով չի մնալու․ - «Եթե կլոր սեղանի քննարկումը չստացվի, մենք ոչ միայն դասադուլ և հացադուլ, այլև այլ գործողություններ ենք իրականացնելու»:

Օրենքի դեմ պայքարող երիտասարդների հետ քննարկումներին անդրադառնալով՝ պաշտպանության փոխնախարարը ասաց, որ իրենք նախկինում էլ են ասել, որ քննարկումներ են անցկացնելու օրենքից բխող կառավարության որոշումների շուրջ:

Արտակ Զաքարյանը շեշտեց, որ տարկետում լինելու է, պարզապես ձևն է փոխվել: Նա նաև պնդեց, որ իրենք գիտական միտք ունեցող երիտասարդներին չեն շեղելու գիտությամբ զբաղվելու հնարավորություններից, այլ ստեղծելու են պայմաններ Զինված ուժերում գիտական գործունեություն ծավալելու համար․ - «Պարտադիր չի, որ դա լինի առաջնագիծ, պարտադիր չի, որ դա լինի հետևակային ստորաբաժանում: Մենք ունենք նաև այլ ստորաբաժանումներ, որտեղ շատ ավելի մեծ արդյունավետությամբ կարելի է գիտական աշխատանքով զբաղվել, նաև շոշափելի օգտակարություն ցուցաբերել անվտանգությանն ու Զինված ուժերին»:

Արտակ Զաքարյանը ասաց, որ քննարկումների ընթացքում լսելու են ուսանողների առաջարկները, և եթե դրանք հիմնավորված լինեն, իրենք հաշվի կառնեն։

Բողոքի ցույցերը համակարգող խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը, սակայն, պնդում է, որ պաշտոնյաների խոսքերում հակասություններ կան, քանի որ հայտարարում են, թե երիտասարդների բարձրացրած խնդիրների հետ համաձայն են, մինչդեռ հետո ասում են, որ օրենքը չի փոխվելու․ - «Դա ուղղակի փորձում են ազդեցություն ունենալ նրա վրա, որ մեր դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել, մենք ինչ-որ մի բանի չհասանք ու այժմ այլ ճանապարհով ենք գնում: Ոչ: Մենք գիտենք ուր ենք գնում և գիտենք պայքարը ինչպես է շարունակվելու: Եվ այսպիսի հայտարարություններ շատ են լինելու: Մենք արդեն սովորել ենք սրան, որ արվում են հայտարարություններ, բայց շեշտը դրվում է մի նախադասության վրա»:

Նախաձեռնող խմբի անդամը ասաց, որ կլոր սեղան-քննարկմանը գնալը տրամաբանական էր, քանի որ օրենքը արդեն ընդունվել է։ Հիմա արդեն նախաձեռնության նպատակը ոչ թե օրենքի կասեցումն է, այլ այնպիսի փոփոխությունների հասնելը, որը կփոխի օրենքի բովանդակությունը։․ - «Իհարկե, կապված նրանց հայտարարությունների հետ, կա որոշակի կասկածամտություն ժողովրդի մեջ, կան խոսքեր, որ պետք չէ հավատալ, մեզ խաբեցին․․․ Այո, օբյեկտիվ հիմք կա այսպես մտածելու: Սակայն միևնույն ժամանակ, եթե մենք մտածում ենք, որ որևէ քննարկման պետք է չգնալ, որևէ այդպիսի փորձ պետք է չանել, դա նաև նշանակում է, որ պայքար պետք չէր սկսել: Պայքարի կարևոր բաղադրիչներից մեկը դա բանակցությունների մեջ մտնելն է, համոզելը և ապացուցելը: Մենք ուսանողներով կարծում ենք, որ դա ճիշտ է: Ինչ վերաբերվում է, թե՝ շարունակել այնքան, որ ոչ, օրենքը պետք է կասեցվի, սա տանելու էր փակուղի»:

Դավիթ Պետրոսյանը ասաց, որ բացի քննարկումներից, իրենք շարունակելու են աշխատանքներ տանել ուսանողների, գիտնականների, և փողոց դուրս եկած ակտիվիստների հետ՝ միասին իրենց պահանջների կատարմանը հասնելու համար։ Փորձելու են պաշտոնյաներին ապացուցել, որ այս օրենքը խախտում է կրթության անընդհատության սկզբունքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG