Մատչելիության հղումներ

«Օրենքի ընդունումը չեմ համարում իմ հաղթանակը, կամ որևէ մեկի պարտությունը». Վիգեն Սարգսյան


«Օրենքի ընդունումը չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ, կամ որևէ մեկի պարտությունը»: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին։

Օրենքները հետագա աշխատանքի կարևոր հիմք են, ասել է Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ անելիքները շատ են:

«Ուրախ եմ, որ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերն ընդունվեցին Ազգային ժողովում` ստանալով խորհրդարանական չորս խմբակցություններից երեքի աջակցությունը: Դրանք առանցքային օրենքներ են մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանության ոլորտում խորքային և արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար», - գրել է նախարարը:

Ըստ Վիգեն Սարգսյանի, պաշտպանության նախարարությունը կշարունակի սերտ փոխգործակցությունը բոլոր, ինչպես նախաձեռնությանը սատարած, այդպես էլ՝ իրենց անհամաձայնությունը հայտնած շահառուների հետ` քաղաքական կուսակցություններից և Հանրային խորհրդից մինչև ուսանողական պաշտոնական և ոչ պաշտոնական միավորումներ:

«Այս օրենքների արդյունավետ ներդրումը պահանջելու է տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունում, տասնյակ կառույցների և հարյուրավոր անհատների սկզբունքային և հետևողական աշխատանք կառավարությունում, պաշտպանության համակարգում, ակադեմիական հաստատություններում և քաղաքացիական հասարակությունում: Ի վերջո, պաշտպանության գլխավոր գրավականը մեր համախմբվածությունն է, իսկ նպատակը` մեր ողջ հասարակության բարեկեցությունն ու առաջընթացը», - ասել է նախարարը՝ շարունակելով. - «Ուզում եմ հստակ արձանագրել` սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ կամ որևէ մեկի պարտությունը: Մենք բոլորս ունենք հայացքներ, կարծիքներ և մոտեցումներ, որոնք կարող են ամենատարբեր արտահայտման ձևերը գտնել։ Պարզ է, որ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ուժը պետք է ի վիճակի լինի ձևավորել իր կողմից առաջարկվող քաղաքականության իրավական հիմքերը, իսկ ընդդիմախոսները պետք է փորձեն հակակշռել օրենսդիր և գործադիր իշխանություն ունեցող այդ ուժին: Սա է ժողովրդավարության պահանջը: Ցանկացած պարագայում, մեծամասնության պարտավորությունն է ապահովել օրենքի ներդրման և իրագործման փուլում բոլոր քաղաքացիների՝ անկախ այդ քաղաքականության նկատմամբ նրանց վերաբերմունքից, հավասարությունն ու հետագա ներգրավվածությունը քաղաքականության արդյունավետ կիրառման խնդիրներում»:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է իր համար՝ որպես պաշտպանության նախարարի՝ նրանց գործով ապացուցելու, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը որակապես նոր մակարդակի են բարձրացնելու թե՛ անվտանգության և պաշտպանության խնդիրների լուծումները, թե՛ բանակ-հասարակություն կապը և թե՛, որն իր և պաշտպանության համակարգի համար ոչ պակաս կարևոր է, գիտության խթանման գործում բանակի շարունակական դերակատարումը:

Իր տեքստի վերջում նախարարը որպես հեշթեգ նաև գրել է՝ #տարկետումլինելուա

Հիշեցնենք՝ հարյուրավոր ուսանողներ դեմ են օրենքին՝ նշելով, որ այն խոչընդոտելու է գիտության զարգացմանը։ Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ արտահայտվող ուսանողները 7 օր դասադուլ արեցին, 5 ուսանողներ նաև անժամկետ հացադուլ հայտարարեցին։ Դասադուլի 7-րդ օրը՝ օրենքի ընդունումից հետո ուսանողներն ու իշխանությունները համաձայնության եկան՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում կանցկացնեն։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG