Մատչելիության հղումներ

«Հուսով եմ, որ նոյեմբերի 22-ին իսկապես երկխոսություն տեղի կունենա». Թևան Պողոսյան


Նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը հուսով է, որ նոյեմբերի 22-ին իսկապես երկխոսություն տեղի կունենա զինվորական ծառայության մասին օրենքի դեմ արտահայտվող ուսանողների և իշխանությունների միջև։

«Ես հույսով եմ, որ ամսի 22-ին կտեսնենք, որ իսկապես տեղի է ունենալու երկխոսություն, որ իսկապես բոլոր կողմերը բացելու են և՛ հոգիները, և՛ սրտերը, և՛ ականջները, լսելու են իրար, որովհետև շատ ժամանակ մենք պետք է մի բան գիտակցենք՝ այն, ինչ որ ես ասում եմ, չի նշանակում, որ դու դա լսեցիր հենց այնպես, ինչպես որ կա: Մարդու բնությունն է այդպիսին, պետք է ճիշտ բառերը գտնեն, պետք է ճիշտ ձևով բանակցեն, ճիշտ ձևով նախապատրաստեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը։

Պողոսյանի խոսքով՝ երկու կողմն էլ հասկացել են՝ իրավիճակից դուրս գալու լավագույն լուծումը բանակցություններն են։ «Այն, ինչ որ տեղի ունեցավ, եթե բանակցային գաղափարով ասենք՝ ուսանողները գնացին հացադուլի՝ դասադուլից հետո, փորձելով իրենց այլընտրանքը հզորացնեն և ուժեղ դիրքից բանակցեն, այն, ինչ որ արեց կառավարությունը կամ իշխանությունները՝ ընդունվեց օրենքը, և երկուսը եկան հասան ավելի բարձր դիրքերի, երբ որ երկու կողմն էլ հասկացավ, որ այս իրավիճակից լուծումը՝ հասնելու նպատակների, բանակցություններն են, և ես ուրախ եմ, որ այս բանակցություններն այս անգամ տվեցին առաջին պտուղը։ Հասարակության տեսակետից, ես կասեի, և նաև լրագրողության, նաև մեր բոլոր քննադատների, լավագույն ժամանակը հետևյալն է՝ կարողանում եք՝ օգնեք արգումենտներով նախապատրաստվելուն, եթե ոչ, նրանից, որ ցեխ են շպրտելու արդեն տղաների վրա, մի մասն էլ ասելու է՝ «էս չկարողացաք անել, էն չկարողացաք անել, հետ կանգնեցիք», սխալ մոտեցում է։ Մյուս կողմն էլ մտածելու է, թե սրանք իրենց ամեն ինչից հրաժարվելու են, էլի սխալ պատկերացում է։ Ինձ չի թվում, թե որևէ մի կողմը պետք է հրաժարվի, այլ հակառակը՝ պետք է հզորացնի իր երկու կողմերը և բանակցությունների ժամանակ՝ այդ քննարկման ընթացքում, և ես, թույլ տվեք այստեղ ասեմ, ոչ թե օգտագործենք ռուսական ասացվածքը՝ ՛՛в споре рождается истина՛՛, այլ եկեք դիալոգ ունենանք, համատեղ քննարկում ունենանք, դա վեճով չի, դա իրար օգնելու ապացուցելու, իրար հետ միասին մտածելու», - ասաց քաղաքական գործիչը՝ նշելով, որ հանրության մեջ մի շարք խնդիրներ գալիս են նրանից, որ ոնց որ թե հանրությունը չի կարողանում սվորել իրար հետ միասին ապրել։

«Բոլոր օրենքներն այսօրվա դրությամբ որ քննարկվում են, որ խնդրահարույց են, հասարակությունը միանգամից երկու, կամ երեք ճամբարների է բաժանվում, կամ չորս, չգիտեմ, բայց բաժանվում է ճամբարների ու սկսում է իրար հետ ատելությամբ խոսել, այս բոլոր խնդիրները ի վերջո մերն են լինելու՝ բոլորինս, ու ինչքան շուտ մենք սովորենք իրար հետ ապրել, իրար լսել, իրար կարծիք հարգել հենց առաջին տեղում, այնքան շուտ մենք կկարողանանք հարցեր լուծել», - ասաց նախկին պատգամավորը։

Ուսանողները արդեն 7-րդ օրն էր՝ բողոքի ակցիաներ էին անցկացնում, պնդելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը կխոչընդոտի գիտության զարգացմանը։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգը նույնիսկ դիմեցին բողոքի ծայրահեղ քայլին և հացադուլ հայտարարեցին։

Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրինագիծը։ Համաձայն օրենքի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ազգային ժողովի շենքի դիմաց երեկ առավոտից ցույց անցկացնող ուսանողների 5-հոգանոց պատվիրակությունը, որի կազմում էր նաև հացադուլի մեջ գտնվող Դավիթ Պետրոսյանը, խորհրդարանի ղեկավարության հրավերով մուտք գործեց շենք և հանդիպեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։

Մոտ մեկ ժամ փակ դռների հետևում բանակցելուց հետո, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին հացադուլն ու դասադուլը դադարեցնելու մասին և նշեցին, որ պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG