Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործը կրկին մեկ վարույթում քննելու միջնորդությունը մերժվեց


Դատավոր Մեսրոպ Մակյանը, արխիվ:
Դատավոր Մեսրոպ Մակյանը, արխիվ:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների 10-ի գործով դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր կրկին նախազգուշական սանկցիա կիրառեց ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին վիրավորելու և տեղից խոսելու համար:

Ոստիկանական գնդի տարածքը գրավելու և երկու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանը կրկին հնչեցրեց նախորդ նիստում ներկայացրած միջնորդությունը՝ խնդրելով կրկին միավորել «Սանսա ծռերի» գործով առանձնացված երեք վարույթները․ - «Այն գործերով, որոնք դեռևս ավարտված չլինեն այդ պահին, ստեղծվելու է մի իրավիճակ, երբ այն հանգամանքները և ապացույցները, որոնք տվյալ գործով դեռևս վիճարկվում են, արդեն իսկ նույն դատարանի կողմից, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության անունից, գնահատվել են որոշակի ձևով: Ընդ որում, այդ գործընթացը տեղի է ունեցել առանց մյուս երկու գործերով ամբաստանյալների մասնակցության»:

Ալումյանին միացան նաև նրա գործընկերները՝ պնդելով, որ գործերի միավորումը բխում է արդար դատաքննության շահերից։ Հիշեցնեմ, մեկուկես ամիս առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանն, ով սկզբում միայնակ էր քննում զինված խմբի գործը, դրա արդյունավետ քննության պատճառաբանությամբ որոշել էր մասերի բաժանել այն՝ վերախմբավորելով երեք վարույթներում։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց՝ հակադարձելով, թե գործերն առանձնացվել են ըստ էության քննելու համար։ Նա հիշեցրեց Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ նիստերը, երբ ամբաստանյալների վարքագծի պատճառով դատական նիստերն ընդմիջվում էին․ - «Իհարկե համաձայն եմ, որ կատարված ենթադրյալ հանցագործությունները վերաբերվում են նույն ենթադրյալ դեպքին, սակայն դատարանը այս դատական քննության ընթացքում գործը քննում է բերված մեղադրանքների և կոնկրետ անձանց վերագրվող արարքների վերաբերյալ, և իրավական գնահատական է տալու բացառապես տվյալ անձանց արարքներին: Հետևաբար որևէ խախտում անմեղության կանխավարկածի մեկ այլ քրեական գործով քննվող ամբաստանյալի․․․ խոսելն անիմաստ եմ համարում»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց փաստաբանների այդ միջնորդությունը: Հայտարարեց, թե մյուս վարույթի դատավճիռը չի կարող ազդել այս գործով անցնող ամբաստանյալների դատավճիռների վրա։

Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր դատավորին խնդրեց իրենց տալ առանձնացված վարույթի գործի նյութերը, այդ թվում՝ տեսագրությունները։ Դատավոր Մակյանն ասաց, թե դրանք առանձնացված չեն, մեկ ամբողջական փաթեթից են բաղկացած և բացի 10 մեղադրյալների առնչվող քրեական գործի հատորներից, մյուս մասը՝ տեսագրություններն ու այլ ապացույցները գտնվում են դատավոր Արտուշ Գաբրիելյանի մոտ։

Հայկ Ալումյանը տարակուսեց՝ հայտարարելով, թե սա նշանակում է, որ այս դատական նիստերն անօրինական են։

Ի պատասխան, դատավորն արձագանքեց․ - «Ես հետևյալ դիրքորոշումն ունեմ․ ոչ թե ցանկանում եմ սահմանափակել, որ էստեղ գտնվող անձինք, պաշտպանյալները հատկապես, չծանոթանան այդ ձայնագրություններին կամ գաղտնալսումներին կամ արտաքին դիտումներին, դրանք բոլորը հրապարակվելու են, վերարտադրվելու են դատարանում, այլ էստեղ մենք ունենք իրեղեն ապացույցի խնդիր, որը փաթեթավորված և կնքված է նախաքննական մարմնի կողմից: Եվ դատարանի կողմից իր սենյակում այդ ապացույցը բացելը, պատճենահանելը, կողմին տրամադրելը առնվազն իրեղեն ապացույցի հետագայում թույլատրելիության խնդիր կարող է առաջանալ, ողջամտորեն կարող է առաջանալ, և պաշտպանները իրավունք կունենան այդպիսի հարց բարձրացնել»:

Ի վերջո, դատավորը որոշեց միջոցներ ձեռնարկել և դիմել Արտուշ Գաբրիելյանին՝ տեսագրությունների պատճենները ստանալու համար։

Դատավորն այսօր մերժեց կալանքից ազատ արձակել զինված խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին։ Հայտարարեց, որ նա ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը և ազդեցություն գործել գործով անցնող այլ անձանց վրա։

Այսօր դատարան էր եկել ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված երեք ոստիկանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Գալստյանը։

«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը:

Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

XS
SM
MD
LG