Մատչելիության հղումներ

Դատավորը մերժեց «Սասնա ծռեր» խմբի հիվանդ անդամին ազատ արձակելու միջնորդությունը


«Սասնա ծռերի» գործով նիստ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ, արխիվ
«Սասնա ծռերի» գործով նիստ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ, արխիվ

«Սասնա ծռեր» զինված խմբի 11 անդամների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» Շիրակի կառույցի ղեկավար Արամ Հակոբյանի ինքնազգացողությունը վատացավ։ Դատավոր Արթուր Օհանյանը որոշեց շտապբուժօգնություն կանչել։ Բժիշկներն Արամ Հակոբյանի մոտ զարկերակային բարձր ճնշում արձանագրեցին։

Այնուհետև, Արամ Հակոբյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը դատարանին միջնորդեց՝ կալանքից ազատ արձակել իր հիվանդ պաշտպանյալին։ Փաստաբանը թվարկեց Հակոբյանի 9 հիվանդությունները, որոնցից չորսն, ըստ նրա, անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ «Երկրորդ աստիճանի արտերիալ հիպերտենզիա, սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ, երկրորդ աստիճանի արյան շրջանառության անբավարարություն, աթերոսկլերոզ, մեկից երկրորդ աստիճանի հիպերտոնիկ հիվանդություն, ուղեղի արյան շրջաառաության խրոնիկ խանգարում, էնցիֆալոպատիա և վերջինը՝ գլխուղեղի խորնիկ իշեմիա»,- թվարկեց փաստաբանը:

Գյուրջյանի գործընկերները ևս միացան նրան, պնդելով՝ «Սասնա ծռերի» գործը վարույթների բաժանելուց հետո դատավոր Արթուր Օհանյանը չի քննարկել ամբաստանյալների խափանման միջոցի հարցը և առանց որոշում կայացնելու անփոփոխ է թողել նախկինում ընտրված կալանքը։ Փաստաբանները նշեցին, որ դա հակասում է օրենքին: «Նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն պահին, երբ դուք այս որոշումը կայացրել եք, այսինքն՝ հոկտեմբերի 16-ի դրությամբ, արդեն իսկ իմ պաշտպանյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի եղել ընտրված: Իսկ դու ասել եք, որ դա պետք է թողնել նույնը: Եթե պետք է թողնել նույնը, ուրեմն կալանքը որպես խափանման միջոց ընտրված չէ, ժամկետն էլ վաղուց ավարտված է»,- ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Դատավոր Արթուր Օհանյանը մերժեց սիրտ-անոթային տարբեր հիվանդություններ ունեցող Արամ Հակոբյանին, նաև ամբաստանյալներ Մարտիրոս Հակոբյանին, Արայիկ Հակոբյանին ու Թորոս Թորոսյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունները: Մարտիրոս Հակոբյանի և Արայիկ Հակոբյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանում հայտարարեց՝ անորոշ ժամկետով ամբաստանյալին կալանքի տակ պահելը մարդու իրավունքների խախտում է, ինչն արձանագրված է Եվրոպական դատարանի նախադեպերում։

«Հարգելի դատարան, վերը նշված նորմերի լույսի ներքո այս որոշումը հակասում է կոնվենցիայի 5-րդ հոդվածին, ուստի՝ եթե նույնիսկ ժամեկետների հարցին անդրադառնու չլինենք, միայն այդ պատճառաբանության լույսի ներքո այդ որոշումն անօրինական է»,- շարունակեց փաստաբան Սահակյանը: Մեղադրող դատախազները, սակայն, առարկեցին փաստաբաններին, պնդելով, որ Եվրոպական դատարանի՝ վկայակոչված նախադեպային որոշումների հետ հակասություններ չկան։

«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG